

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»- ի հերթական շրջագայությունը: Երգչախումբն օրերս է վերադարձել Շվեյցարիայում կայացած 25-օրյա համերգային շրջագայությունից։ Այն նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: Շրջագայությունից ստացած տպավորությունների և առաջիկա անելիքների մասին այսօր նրանք խոսել են լրագրողների հետ։
Հարուստ կենսագրություն ունեցող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արդեն երրորդ անգամ հայկական հարուստ մշակույթը ներկայացնում է շվեյցարացի ունկնդրին: 16 համերգներով երկրի ֆրանսիական, իտալական և գերմանական հատվածների եկեղեցիներում, տաճարներում ու համերգասրահներում հնչել է հայ հոգևոր, ժողովրդական, ժամանակակից ստեղծագործություններ ու արտասահմանյան հեղինակների դասական երգեր:
Երգչախումբը բարձր ընդունելության է արժանացել ունկնդրի կողմից: Շարականներ երգելուց առաջ երգչախումբը նախ փոքրիկ պատմական ակնարկ է անում երգի վերաբերյալ: Ըստ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի՝ սովորաբար կատարում են 5-րդ դարի շարականները, ինչը զարմացնում է օտարերկրացի ունկնդրին: «Երբ մենք ասում ենք, որ սա 5-րդ դար է՝ մտածելու տեղիք է տալիս: Եթե այս ժողովուրդն ունեցել է նման տիեզերական երաժշտություն, ինչպես նա կարող է լինել բարբարոս, ինչպես մեզ շատ այլազգի լրատվամիջոցներ ներկայացնում են արտերկրում»:
Համերգային ծրագրից բացի երեխաները շրջել են Շվեյցարիայի տեսարժան վայրերով, այցելել շվեցարական հանրահայտ շոկոլադի և պանրի գործարաններ, տեղում ծանոթացել պատրաստման եղանակին ու համտեսել:
Երգչախմբի Ֆրիբուրգի սբ. Միշել եկեղեցում ունեցած ելույթը հեռարձակվել է շվեյցարական հայտնի Espace ռադիոկայանով: Համերգներից հետո բազում հիացական խոսքեր են հնչել երգչախմբի բարձր կատարողականության մասին:. «Ես միշտ ասել եմ իմ ղեկավարած երգչախմբերին, որ երաժշտության մեջ ամենից կարևորը լավագույնին ձգտելն է, քանի որ կատարյալին հասնելը անհնար է… սակայն Հայաստանի փոքրիկ երգիչներին լսելուց հետո հասկացա, որ սխալվել եմ»,- ասել է կոմպոզիտոր Անդրե Դյուկղեն։
Սեպտեմբերին երգչախումբը պատրաստվում է հաջորդ շրջագայությանը՝ Դանիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, որը նույնպես նվիրված է Անկախության 25-ամյակին: Սակայն մինչ շրջագայությունը՝ երգչախումբը հունիսի 21-ին պատրաստվում է «5 երանգ» խորագրով համերգին, որն նվիրված է կոմպոզիտորներ Էդուրադ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Ադամ Խուդոյանի հոբելյաններին:




