

Երևանում այսօր մեկնարկում է «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնը, որն ընդգրկում է արվեստի մի քանի տեսակներ՝ կինոարվեստ, թատերական արվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ , դեկորատիվ-կիրառական արվեստ: «ԱՐՏ ՖԵՍՏ» մրցութային փառատոնին մասնակցում են 16-30 տարիքային խմբում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Փառատոնի կազմակերպիչներն են՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ինստիտուտի Ուսանողական թատրոնը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի: Թվով 4-րդ «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը նվիրվում է անկախության 25-ամյակին: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա «Կարապի լճի» հարակից տարածքում:
2013 –ին առաջին անգամ կազմակերպված «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարադկան բաց փառատոնին մասնակցում էր 130 երիտասարդ: Ամենամյա փառատոնին շուրջ 25 երկրներից մասնակիցների թիվն այս տարի հատում է 430-ի սահմանը: Փառատոնի նախագահ, պրոդյուսեր Էրիկ Բարսեղյանի գնահատմամբ, որ ակնհայտ է, որ փառատոնի հանդեպ կա աճող հետաքրքրություն:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր , արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանի խոսքով փառատոնի բուն առաքելությունն է հայտաբերել նոր անուններ, որոնք կձևավորեն մշակութային թարմ միջավայր: Նրա բնորոշմամբ փառատոնը լավ առիթ է ի մի բերելու անկախության սերնդի ներուժը, երիտասարդների, ովքեր, փառք աստծո, որ դեռ սխալվելու իրավունք ունեն:
«Շնորհքը ծառի պես մի բան է, ջուր է ուզում: Ծառը պետք է ջրես ,որպեսզի կանաչի, իսկ փոքրիկ հաջողությունը մարդուն թև է տալիս»,-ասում է Դավիթ Մուրադյանը: «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյանը, ում համոզմամբ Տիգրան Մեծից հետո հայերը երբեք միասին լինելու նման հնարավորություն չեն ունեցել, ուստի պետք է օգտագործել յուրաքանչյուր միջոց այդ միասնականությունն ամրապնդելու համար
Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամներ ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին և հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը հին ասացվածքն է մեջբերում՝ օգնեք շնորհքով մարդկանց, անշնորքները ճեղքելով իրենք կհարթեն իրենց ճանապարհը:
Հավելենք, որ «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնն այս տարի կընթանա հունիսի 2-12-ը՝ երևանյան մշակութային օջախներում:




