

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կկայանա հունիսին: Մինչեւ սպասվող հանդիպումն ակնկալվում էր, որ քայլեր պետք է ձեռնարկվեին հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում, պետք է ձեռնարկվեին քայլեր անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցում: Վերջին պարագայում կարծես դրական փոփոխություններ են ակնկալվում։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ «առաջիկա օրերին Վիեննայում ԵԱՀԿ անդամ երկրների հաստատմանը կներկայացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայեցակարգը»: Նշվում է, թե կավելացվի դաշտային օգնականների թիվը, ինչի շնորհիվ գրասենյակը կկարողանա ավելացնել մշտադիտարկումների քանակը։ Սա հնարավորություն կտա ԵԱՀԿ նախագահությանն ու ՄԽ համանախագահներին ավելի բազմակողմանի տեղեկատվություն ստանալ իրավիճակի մասին՝ ասում է Կասպրշիկը:
Սակայն պետք է նկատի ունենալ, որ մշտադրտարկումներ միշտ էլ իրականացվել են, ու ավելին՝ եղել են դեպքեր, երբ մշտադիտարկաման ընթացքում ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել։ Բնականաբար դիտարկման խումբը դա արձանագրել է, բայց երբևէ հասցեական հայտարարություն չի հնչել։ Ինչևէ՝ քաղաքական վերլուծաբան Գագիկ Հարությունյանը դրական է գնահատում Կասպրշիկի գրասենյակների թվի ու աշխատակազմի ավելացումը: « Դա պետք է դրական գնահատել, քանի որ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան՝ պատերազմելը»,- նկատում է։
Միանգամայն հակառակ կարծիքի է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Նա հոռետեսորեն է վերաբերվում այդ հարցին, քանի որ համոզված է՝ անգամ առանց հետաքննության մեխանիզմների ներդրման էլ միջազգային կառույցները լավ գիտեն, թե որ կողմն է նախահարձակ լինում։
Չնայած ադրբեջանական վայրագությունների մասին ակնհայտ ապացույցներին՝ միջազգային կառույցները որևէ դիտողություն անգամ չեն անում այդ երկրին՝ նշեց քաղաքագետը ավելացնելով՝ «նախանշված որևէ քայլ չի կանխի ապրիլի սկզբի ռազմական գործողությունների կրկնությունը»:
Քաղաքական վերլուծաբան Գագիկ Հարությունյանն էլ հետաքննության մեխանիզմների ներդրումը կայունության երաշխիք չի համարում։ Այս հարցը միշտ արծարծվել է, դեռևս 90- ականներից, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտում է գործընթացին՝ հիշեցրեց:
Ադրբեջանական կողմը պատճառներ ունի անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակման գործընթաց թույլ չտալու համար՝ նշեց Հայկ Մարտիրոսյանը։ Այդ երկիրը բնականաբար ուզում է կոծկել իր վայրագությունները:
Եվ քաղաքագետը, և քաղաքական վերլուծաբանը լուրջ ակնկալիքներ չունեն հունիսին սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ հանդիպումից:




