Քաղաքական

Շարունակվել են նախորդ տարվա բյուջետային հաշվետվությունները

lenabadeyan
2015 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել 10 468 անձ, որից 3 156-ը` սիրիահայեր:  Քաղաքացիությունից հրաժարվել է 2 476-ը: Հատուկ կացության կարգավիճակ է տրվել 576 անձի: Այսօր խորհրդարանում շարունակվել են անցյալ տարվա բյուջետային հաշվետվությունները: Պետական կառույցների աշխատակազմերի գործունեությունն էր այսօր քննարկվում: Ինչպես սպասվում էր, այն ընթանում էր՝ «կոմպակտ կառավարում եւ կոմպակտ ծախսեր» վարչապետի առաջ քաշած կարգախոսի ներքո:

 

 

 

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում անհրաժեշտ տնտեսումների մասին վարչապետի հայտարարությունից հետո որեւէ պաշտոնյա չի զրկվել եւ չի էլ զրկվելու իր ծառայողական մեքենայից: Այս պահի դրությամբ ընդամենը կրճատվում են չօգտագործվող մեքենաները, որոնք գտնվում են այս կամ այն գերատեսչության բալանսում: Օրինակ ԱԺ աշխատակազմը դեռեւս 2015-ին կրճատել էր 24 չօգտագործվող մեքենա, եւս 11 չօգտագործվողը կրճատվելու են այս տարի, ասում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Տնտեսումների այս սկզբունքով են առաջնոդրվելու գրեթե բոլոր կառույցները:

«Մեքենաների հետ կապված փաստորեն իմացանք, որ միայն փտած եւ չօգտագործվող մեքենաներն են կրճատվում, ուռճացված աշխատակազմի հետ կապված իմացանք, որ չեն կրճատվում, ուղղակի վերաիմաստավորվելու է: Ոչ մի լավ նորություն չիմացանք»:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի այս հոռետեսությունը չի կիսում կառավարության  աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Կրճատված ծառայողական մեքենաների ընդհանուր թիվը 797 է: Դրանց մի մասը աճուրդի կհանվի, կվաճառվի, ոչ պիտանի մեքենաներն էլ առանձին մասերով կվաճառվեն: Կրճատված յուրաքանչյուր մեքենայից կխնայվի 1.7 միլիոն դրամ, քանի որ կկրճատվեն նաեւ այդ ավտոմեքենաների վառելիքի ու գույքահարկի ծախսերը: Խնայողական ռեժիմի անցնելու մասին խոսելիս՝ Դավիթ Հարությունյանը խորհուրդ տվեց վարչապետի հայտարարությունը չդիտարկել, իր իսկ ձեւակերպմամբ,  «պրիմիտիվ կրճատումների» տեսանկյունից: Կան ավելի խորքային եւ լուրջ խնդիրներ:

«Մենք հանգել ենք այն եզրակացության, որ ավելի շատ կառավարության որոշումներ ենք ընդունում, քան իրականում պետք է ընդունենք: Եվ համար մեկ խնդիրը, որ դնում ենք մեկ տարվա ընթացքում կառավարությհան որոշումների թիվը կրճատել մոտ 4 անգամ: Ես ձեզ ամենեւին չասեցի ուռճացված պետական ապարատի մասին, այդ խոսքերը դուք ավելացրեցիք, այնպես որ ես դա չեմ ասել»:

Ստացվում է, որ վարչապետի հայտարարությունից հետո հանրության մոտ ձեւավորված թյուր կարծիքն այս պահի դրությամբ ճշտումների կարիք ունի եւ Դավիթ Հարությունյանի խոսքերից հետո դա արեց նախկին վարչապետ, այժմ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Շատ էական էր այն մեկնաբանությունը, որ դա բարցարձակապես չի կարող դառնալ մեխանիկական կրճատման գործընթաց: Հանրային շրջանակներում սկսել են այդպես ընկալել»:

Փոխարենը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքում վերջ է դրվելու արտաքուստ չերեւացող, բայց արատավոր մի երեւույթի, խոստացավ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

«Երբ պետական բաժնետիրական ընկերությունները, հիմնադրամները, ՊՈԱԿ-ները, որոնք ինքնություն իրավաբանական անձինք են, ձեռք էին բերում ավտոմեքենա, որը սպասարկում էր լիազոր մարմնի այս կամ այն աշխատակցի: Այս հարցում եւս վարչապետի հանձնարարականը շատ կոշտ էր՝ արգելվում է: Եվ կլինեն կադրային հետեւանքներ գրչի մեկ հարվածով»:

Բյուջեի կատարողականը եւ ներկայացվող թվերն իրականում այնքան էլ չէին հետաքրքրում պատգամավորներին: Գագիկ Ջհանգիրյանի համար, օրինակ, առավել կարեւոր են այլ ցուցանիշներ, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ սկզբունքային է համարում արտաբյուջետային ֆոնդերի վերահսկողությունը:

«Էս մեր բյուջեի կատարողականն, ըստ էության, շատ ձանձրալի թեմա է, որովհետեւ գործադիր իշխանության, դատական իշխանության, օրենսդիր իշխանության ինչքան էլ փող տան՝ կծախսեն: Մնում է Ջանջուղազյանը հավաքած լինի բաժանի բոլորը ծախսեն: Այս քննարկումն անիմաստ է, եթե մենք չենք խոսում նույն ծախսերի պայմաններում որակական ցուցանիշների մասին: Ամեն օր մենք խոսում ենք հատկապես արտաբյուջեների ռիսկերի մասին: Եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ հստակ վերահսկողություն, ինչպե՞ս հասկանալ, որ կառավարությունը մերժում եւ բացասական եզրակացություն է տալիս մեր գործընկեր պատգամավորների օրենսդրական նախագծին, որ ոստիկանության արտաբյուջեն գնա բյուջե»:

Այս հարցին Դավիթ Հարությունյանը չպատասխանեց՝ հիմնավորմամբ, որ կառավարության որոշումների համար պատասխանատու չէ, ընդամենը աշխատակազմի ղեկավարն է: Խորհուրդ տվեց նույն հարցով դիմել վարչապետին՝ հարց ու պատասխանի ժամանակ: Պատգամավորը խոստացավ հետեւողական լինել:

Կարդացեք նաև

Back to top button