Հասարակություն

Արցախի ՄԻՊ- ը շարունակում է Ադրբեջանի հանցագործությունների փաստահավաք աշխատանքները

arminegevorgyan

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր նախնական զեկույց ` ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին: Վերջնական զեկույցի համար  ԼՂՀ ՄԻՊ  գրասենյակը սկսել է իրականացնել  ինքնուրույն փաստահավաք աշխատանքներ, «Ռադիոլուրին» հայտնել է Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։

 

Օրերս հրապարակվեց ԼՂՀ խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ  2016թ. ապրիլի 2-5- ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը:  Զեկույցում վերլուծված էին Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները, ինչպես նաև դրանց սարսափեցնող հետևանքները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով։

Ruben Melikyan«Ռադիոլուրի» հետ զրույցում ԼՂՀ ՄԻ նորանշանակ  պաշտպան  Ռուբեն Մելիքյանը նշում է, որ նախնական զեկույցում տեղ գտած փաստերը վերցված  էին բացառապես   հրապարակված փաստերից, սակայն վերջնական զեկույցի համար դրանք բավարար չեն, հետևաբար  ԼՂՀ ՄԻՊ գրասենյակը  սկսել է իրականացնել ինքնուրույն փաստահավաք աշխատանքներ։

Նախնական զեկույցը պարունակում է լուսանկարներ և դեպքերի նկարագրություններ, որոնք նախատեսված չեն 18-ից ցածր տարիքի անձանց համար: Ընդ որում, զեկույցում օգտագործված են միայն այնպիսի լուսանկարներ, որոնք լայնորեն տարածվել և քննարկվել են զանգվածային լրատվության միջոցներում։

Ռուբեն Մելիքյանը նշում է,  որ Ադրբեջանի վայրագությունների մասին միշտ էլ բարձրաձայնվել է, սակայն այս դեպքերը տարբերվում էին:  Հետևաբար՝ իր  առաջնային խնդիրն է լինելու միջազգային հարթակներում ներկայացնել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված անմարդկային վայրագությունները:

Պաշտպանը նշում է,  որ այդ վայրագությունները պետք է դատապարտվեն և համապատասխան գնահատական ստանան միջազգային հանրության կողմից, իսկ  այդ կապակցությամբ կան բավարար փաստեր, որոնց ներկայացման համար ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևողական է լինելու:

Ի դեպ, մայիս ամսին ԼՂՀ ՄԻՊ գրասենյակը  մեկ հայտարարություն էլ տարածեց, որը ոչ միանշանակ ընկալվեց: Նա դատապարտել էր «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչներին։ Վերջիններս պատժամիջոցներով էին սպառնացել հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին՝ ԼՂՀ դրոշը ծածանելու համար։

Հիշեցենք, որ Ռուբեն Մելիքյանը մինչեւ  ԼՂՀ ՄԻՊ նշանակվելը ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտորն էր։ Նա թեեւ շատ է կապված այս ակադեմիայի հետ, սակայն ստանձնեց Արցախի ՄԻՊ- ի լիազորությունները՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով։

Կարդացեք նաև

Back to top button