

Այսօր Մուսալեռ հուշահամալիրում կազմակերպվել էր «Ուդուլի» տոլմայի 6-րդ փառատոնը, որտեղ ներկայացվել էր տոլմաների բազմահամ ու բազմապիսի տեսականի: Խոհարարները հանդես էին եկել տոլմայի պատրաստման և ներկայացման տարբեր մտահղացումներով: 6-րդ փառատոնին 23 մ երկարությամբ ամենաերկար տոլմայի հաղթողը «Արտլանչն» է, իսկ գլխավոր մրցանակը տրվեց «Կարաս» ընկերությանը:
<<Ամենահամով տոլման մենք ենք պատրաստել, մայրերս, ես զոհված զինվորի մայր եմ, որդուս կորցրել եմ 1993 թվականին, սակայն ուժեղ եմ ր նույնը բոլոր որդեկորույս մայրերին եմ մաղթում: Մեր տոլմայի վաճառքից ստացված հասույթը ուղարկվելու է զոհվածների ընտանիքներին, տոլմա ենք պատրաստելու նաև զինվորների համար՝ մածունով, սխտորով, պասուց շատ համով տոլմա >>,- Պտղունք համայնքից Անժելա Չաքմանյանը ներկայացնում է իր պատրաստած տոլման, ամենասովորականն ու ամենատարածվածը, որի մատուցման ձևն էր տարբեր: Տոլմանները գեղեցիկ դասավորված էին զարդարված դդմի մեջ:
Տոլմայի փառատոնին կարելի է տեսնել ամենատարբեր համի ու ձևի տոլմաներ, որոնք համտեսելու համար Մուսալեռան հուշահամալիր էին բարձրացել մայրաքաղաքից ու արտերկրից ժամանած հյուրեր: <<Ուդուլի>> տոլմայի 6-րդ փառատոնին այս տարի մասնակցում էր նաև Արմավիրի մարզի 5 համայնք, որոնք յուրովի դրսևորեցին իրենց խոհարարական վարպետությունը: Մուսալեռան բարձունքում ուշագրավ էր նաև ջայլամների ներկայությունը, իսկ հարակից տաղավարում հրամցնում էին հենց ջայլամի մսից պատրաստված տոլման: Հայ խոհարարական արվեստների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ տոլմայի փառատոնը կայացել է, ժողովուրդը դրան սպասում է, այն դարձել է իրենցը: Համայնքները ներգրավվելով փառատոնին՝ իրենց լուման են ներդրում և շահույթ ստանում: Փառատոնի մասնակիցները հանդես են գալիս տարբեր մտահղացմամբ, որը համահունչ է իրենց նպատակներին՝ զարգացմանը:
Մուսալեռան հերոսամարտի բարձունքում հնչում էր ազգային երգն ու պարը, թև-թևի շուրջպար էին բռնել հայև օտարազգի զբոսաշրջիկները, ճաշակում էին հայկական տոլման և գոհունակություն հայտնում: Տարբեր մտահղացման, համի ու տեսքի գնահատականը տալու էր գնահատող հանձնաժողովը: Սպորտային մեկնաբան Վարդան Թադևոսյանի քիմքին հաճելի է իր մոր պատրաստած տոլման, ներկայացվածների մեջ պակասում էր աղը.<<Աղն է միշտ սննդին համ տվողը, ինձ շատ դուր եկավ նաև ջայլամի մսից պատրաստված տոլման>>,- ասաց Վարդան Թադևոսյանը:
Տոլմայի 6-րդ փառատոնում ամենաերկար տոլման պատրաստել էր Արտլանչը, որի երկարությունը՝ 23 մետր, կրկնակի գերազանցեց նախորդ տարվա ցուցանիշը, իսկ գլխավոր մրցանակը տրվեց Կարաս ընկերությանը: Բոլոր մասնակիցներին տրվեցին խրախուսական մրցանակներ, շնորհակալագրեր:




