Տնտեսական

ԱԻՆ-ից մինչեւ ռազմատեխնիկական գործակցություն. լեհերը ՀՀ-ն նորովի են դիտարկում որպես գործընկեր

lianaeghiazaryan
Երևանում այսօր մեկնարկել է հայ-լեհական տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը, ինչին հաջորդել է գործարար համաժողով երկու երկրների գործարար համայնքի շուրջ 35 ներկայացուցչի մասնակցությամբ: «ԵՄ երկրների, մասնավորապես Լեհաստանի հետ հարաբերություններում Հայաստանը բավականին առաջընթաց է գրանցել: Մյուս կողմից առկա է ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության փաստը, ինչը, լինելով որոշակի նոր իրողություն մեր տնտեսության համար, հետաքրքիր հնարավորություններ է բացում նաև եվրոպական բիզնեսների համար, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ շուկաներով»,-նիստի ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

haj lehakan Բարձր տեխնոլոգիաներն ու սննդի արդյունաբերությունը ժամանակակից էներգետիկայի հետ մեկտեղ ամենագրավիչ ոլորտներն են, որտեղ լեհ ներդրողները պատրաստվում են ներդրումներ կատարել` գործակցելու հայ գործարարների հետ: Գյուղատնտեսությունն ու բարձր տեխնոլոգիաներն էլ իրենց մասին մոռանալ չեն տալիս: Լեհաստանի առեւտրային պալատի գործադիր տնօրեն Մարեկ Կլոչկոն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում գործակցության հնարավորություններից ու արդյունքներից բացի նաեւ խոչընդոտներից է պատմում: Օդային կապի ակտիվացում է պետք՝ ասում է ու շարունակում`

«Թիվ մեկ խնդիրը տեղեկատվության պակասն է: Հայաստանում չունեն թարմ տեղեկություններ լեհական տնտեսության հնարավորություններ մասին: Նույնն է նաեւ Լեհաստանում»:

 Գործակցության ոլորտների շարունակումը թվարկում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը` արտակարգ իրավիճակներից մինչեւ ռազմատեխնիկական գործակցություն: Տարեկան շուրջ 50 մլն դոլարի առևտրաշրջանառությունը, վերջին տարիների աճով հանդերձ, իրական ներուժին չի համապատասխանում՝ ասում է:  Լեհաստանում այսօր Հայաստանը դիտարկում են  որպես նոր օղակ Իրանի եւ եվրասիական շուկաներ կապի հաստատման առումով: Հայ եւ լեհ գործարարներն այսօր Երեւանում հնարավորություն ունեն դեմ առ դեմ հանդիպումների միջոցով քննարկել իրենց կոմերցիոն հարցերը: Մինչեւ տարեվերջ հանդիպումների նոր հնարավորություններ էլ կլինեն` ցուցահանդեսների միջոցով: Մելքոնյանն այլ նորությամբ էլ է կիսվում, ինչը, մասնավորապես, նաեւ դեպի Լեհաստան թռիչքներին է առնչվում:

«Հայաստանը դիմել է ԵՄ հետ ընդհանուր ավիացիոն գոտու  մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հարցով: Համաձայնագրի առկայության դեպքում եվրոպական եւ հայկական ավիաընկերությունները կունենան ազատական կարգավորումներ եւ կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել իրենց թռիչքների քանակի, ուղղության, հաճախականության եւ այլ հարցերում: Սա նշանակալի ազդեցություն կունենա: Հուսով են` արագ կստացվի` մինչեւ տարեվերջ կամ եկող տարեսկիզբ»:

Լեհ գործարարները հետաքրքրված են մասնակցելու Հայաստանում անցկացվող պետական գնումներին: Նրանց նաեւ ազատ առեւտրի գոտում աշխատելու հնարավորությունն է ոգեւորել՝ փոխանցում է Լեհաստանի զարգացման նախարարի տեղակալ Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկին: Այս տարեսկզբից վերսկսվել են Հայաստան-Լեհաստան ուղիղ չվերթերը: Դոմագալսկի-Լաբեձկին անձամբ էլ այսօր այդ չվերթով է եկել Հայաստան ու նկատել` Հայաստան թռչող ինքնաթիռը լիքն էր: Սա նշանակում է, որ առաջիկայում ուղիղ չվերթեր կարող են լինել ամեն օր` նաեւ նոր ավիափոխադրողների կողմից՝ հուսով է Լեհաստանի զարգացման փոխնախարարը:

Կարդացեք նաև

Back to top button