
«Ոստիկանությանը հանձնարարություն էր տրվել կասկածյալին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ և պաշտոնապես քննիչը տեղեկացվել է, որ կասկածյալը հայտնաբերվել է կախված»,- Tert.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։
Նախօրեին քննչական կոմիտեն հայտնել էր, որ Շավարշ և Շողիկ Արմենակյանների սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2016թ. մայիսի 13-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրենց բնակարանում դանակահարվել են քույր և եղբայր Շողիկ և Շավարշ Արմենակյանները։ Ձախ թիկնային հետին մակերեսին ստացած վնասվածքի հետևանքով 1987թ. Շողիկ Արմենակյանը տեղում մահացել է, իսկ վերջինիս եղբայրը կրծքավանդակի շրջանում ստացած կտրած-ծակած վերքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն)։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ս.Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչի գլխավորությամբ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է խոհանոցային դանակ՝ արնանման հետքերով, արնանման հետքեր են հայտնաբերվել նաև տան բակում, հյուրասենյակում և ննջարանում:




