Քաղաքական

ՄԻ պաշտպանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈԻ կատարած դաժանությունները

Մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարող ճանաչել: Ստրասբուրգում կայացած հանդիպման ժամանակ նան կարծիք են հայտնել  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ու  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Ինչպես հայտնում են ՄԻ պաշտպանի աշխատակազմից, Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները:

Պաշտպանը Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված դաժանությունների կոնկրետ օրինակներ և նրան է փոխանցել ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած՝ այդ դեպքերը վերլուծող զեկույցը:

Արման Թաթոյանն ընդգծել է նաև ազգությամբ հայերի նկատմամբ ատելություն և բռնություն սերմանող՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության կործանարար հետևանքները, որը խաթարում է Եվրոպայի խորհրդի ողջ իրավապաշտպան համակարգը: Ընդ որում, այդ քաղաքականությունը խրախուսվում է պետական մակարդակով և կրում է բացարձակ անհանդուրժողական բնույթ:

Կողմերը կարևորել են Մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում եվրոպական չափանիշների ներդրման  հարցում: Մասնավորապես, հանդիպման ընթացքում նշվել է Օմբուդսմենի հաստատության կարևորությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործում: Քննարկվել են նաև ընտանեկան բռնության կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button