

Կառավարությունն առաջարկում է ապաքրեականացնել մաքսանենգությունը, մաքսային կանոնների որոշ խախտումների համար նախատեսված պատասխանատվությունը սահմանափակել վարչական վարույթով. օրենսդրական առաջարկը կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթի օրակարգում է:
Ներկայացնելով հարկային փոփոխությունների փաթեթը՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասել է , որ նախաձեռնությունը պայմանավորված է ԵՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններով: Ըստ նրա՝ անդամ երկրների քրեական և վարչական օրենսդրությունները ներդաշնակեցման կարիք ունեն:
Կառավարության ներկայացուցիչը մանրամասնել է, թե մաքսանենգության որ դեպքերին կվերաբերի ապաքրեականացումը:
«Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո այն ներմուծման համար, որը կատարվել է մաքսային կանոնների խախտմամբ, տնտեսվարողմները ոչ թե միանգամից քրեական պատասխանատվության են ենթարկվելու, այլ մոտեցումը փոխվելու է՝ նրանց առաջադրվելու է պակաս հաշվարկված հարկերն ու տույժերը վճարելու պահանջ: Այսիքն՝ հարցն ավարտվելու է վարչական վարույթի շրջանակներում»:
Միրումյանը նշել է, որ մեղմացումը չի վերաբերի թմրանյութերի, զենք զինամթերքի, սահմանված չափերից ավելի կանխիկ դրամական միջոցների ներմուծմանը:
Պատգամավորները հետաքրքվել են, թե ինչ ծավալներ ու դինամիկա ունի մաքսանանեգությունը Հայաստանում: Ըստ Միրումյանի ՝ կառավարությունը ծավալները մեծ չի գնահատում: Այս պահին կա հարուցված 185 քրեական գործ, վնասի ընդհանուր ծավալը 460 մլն դրամ է:




