Հասարակություն

Եկեղեցաշինությունը շարունակվում է

satikisahakyan
Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի արցախյան առաջին պատերազմում  զոհված ազատամարտիկների փոքրիկ  պանթեոնի կողքին կառուցվելու է բազիլիկ  եկեղեցի: Երեկ կատարվել է հիմնարկեքի արարողություն: Չունենալով բարերար` համայնքի բնակիչները անձնական ներդրումների և բարի կամքի շնորհիվ իրականացնելու են եկեղեցու կառուցումը:  Մինչև հիմնարկեքը ծաղիկներ են դրվել զոհվածների շիրմաքարերին ու խաչքարին:

 

Ակնալճի բնակիչները չունենալով հավատքի տուն կրոնական ծեսերն իրականացրել են  սուրբ Էջմիածնում, այնտեղ էլ մասնակցել եկեղեցական տոներին ու պատարագներին: Համայնքի հավատավոր ժողովրդի պնդմամբ գյուղում եկեղեցի կառուցելու անհրաժեշտությունը վաղուց էր  զգացվում:

Նոր կառուցվող եկեղեցուց  որոշ հեռավորության վրա է  գտնվում Հայաստանի  եզդիների միակ սրբավայր հուշահամալիրը, որի հարևանությամբ կառուցվում է նրանց Մալաքե Տաուզ եկեղեցին:

Հայ Առաքելական  եկեղեցու հիմնարկեքը կատարվեց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:  Ինչպես ընդունված է մեր եկեղեցում 16 վեմ քարերը մաքրվեցին ջրով և գինով, օծվեցին  սուրբ մյուռոնով  և դրվեցին հիմնասյուների մեջ: Ջուրը խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը, գինին՝ մեր հավատքի համար սուրբ խաչի վրա  թափված արյունը,  մյուռոնը, որը թափվում է աղավնու կտուցից՝ սուրբ հոգին: 16 վեմ քարերը խորհրդանշում են Քրիստոսի  12 առաքյալներն ու 4 ավետարանիչները:

Եկեղեցու 16 քավորների թվում էր նաև 5-ամյա Էրիկը:  Վեմ քարը ձեռքին   մոտեցավ սրբազանին, օծումից հետո  նա իր ձեռքով  դրեց   սյան հիմքում ու շաղախ լցրեց վրան:

Եկեղեցին ուժեղացնում է մարդու հավտքն ու զորություն տալիս նրան:  Ակնալճի գյուղապետ Գևորգ Միսակյանն ասում է, որ այս ծանր իրավիճակում հավատքն է մարդուն օգնում հաղթահարելու բոլոր դժվարությունները,  կարևորը ցանկությունն է, և նոր կառուցվող բազիլիկ եկեղեցին կառուցվելու է միայն իրենց ժողովրդի բարի կամքով՝ նույնիսկ թոշակառուն  իր  կենսաթոշակից 500 դրամ է  ներդրել: Ժողովուրդը կամավոր է մասնակցում եկեղեցաշինությանը, որը նախատեսել են ավարտել երկու տարվա ընթացքում:

Կարդացեք նաև

Back to top button