

«4-րդ ինդուստրիալ հեղափոխություն՝ ուղիղ դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» Երևանում այսօր իր աշխատանքներն է սկսել այս խորագրով համաժողովը, որի հիմնական նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառման համաշխարհային փորձը: ՏՏ ոլորտի առաջատար Մայքրոսոֆթ ընկերության փորձագետներն են իրենց գիտելիքը փոխանցում են հայ մասնագետներին: Նրանք կարծում են, որ Հայաստանը այս ոլորտում առաջատար դիրքերում է: Ավելին, խոստանում են շարունակել համագործակցությունը մեր երկրի հետ:
«Մայքրոսոֆթ» ընկերության Եվրոպայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կիբերանվտանգության մասնագետ Ռոբերտ Կոսլայի խոսքով՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները ուղեկցվում են կիբերհանցագործություններով: Բացառություն չէ նաև Հայաստանը, հատկապես՝ ապրիլյան պատերազմով պայմանավորված: Այս ոլորտում մասնագետը Հայաստանի ջանքերը բավարար է գնահատում եւ նկատում՝ կիբերանվտանգության ապահովմամբ միջին դիրքերում ենք:
Ռոբերտ Կոսլան և Մայքրոսոֆթ ընկերության ևս մի քանի մասնագետներ այս օրերին Երևանում են՝ իրենց փորձը հայ գործընկերների հետ փոխանակելու համար:
Մանագետների մեջ է նաև Թրուդի Նորիս Գրեյը, ով Մայքրոսոֆթ ընկերության հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրենն է: Առաջին անգամ մեր երկիր այցելել է որպես զբոսաշրջիկ: Այսօր արդեն Երևանում է ոչ միայն փորձի փոխանակման նպատակով, այլ նաև առաջարկների փաթեթով՝ ինչպես ասենք, Մատենադարանի արխիվների՝ էլեկտրոնային եղանակով կամ եռաչափ եղանակով հրապարակումն է։ Սա զբոսաշրջության զարգացմանը կնպաստի՝ կարծում է փորձագետը: Նա վստահ է՝ հայկական բիզնեսի զարգացման համար Մայքրոսոֆթը կարող է նոր լուծումներ առաջարկել։
«Վստահաբար կարող եմ ասել, որ բազմաթիվ նոր ծրագրեր Հայաստանում կիրականացվեն։ Այս պահին խոսքն այն հմտությունների կիրառման մասին է, որը Հայաստանն ունի: Եթե ձեռնարկատիրական ոգու հետ համադրենք նաև Հայաստանի առկա հմտությունները, համոզված եմ, որ հաջողություն կունենանք»,- ասում է։
Ընդհանրապես վերջին տարիներին ՏՏ Հայաստանում բուռն զարգացում է ապրում։ Այն, որ Հայաստանի հաջողության գրավականը բարձր տեխնոլոգիաներն է, խոստովանում է նաև էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Վերջինիս դիտարկմամբ, մեր օրերում առանց տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների աներևակելի է առաջըթնացը պետական, մասնավոր և հասարակական գործունեության ցանկացած բնագավառում, իսկ այս օրերին՝ հատկապես ռազմարդյունաբերական համալիրում։
Նախարարի տեղեկացմամբ, նախատեսվում է Երևանի Ջրվեժ թաղամասում հիմնել ինժեներական քաղաք ժամանակակից ենթակառուցվածքներով, խթանել ճարտարագիտության ոլորտում ներդրումները, տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումներ առաջադրել:




