

Մի դեպքում հայրենիքն է կանչում, մյուս դեպքում՝ հողը: Հայրենիքի անվտանգությունը գերադասելով գյուղատնտեսական աշխատանքներից անկախության բանակի մարտիկ, Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 69-ամյա Հովհաննես Մաթևոսյանը ապրիլի 5-ին արմավիրցի կամավորականնների հետ մեկնել էր Արցախ: Առաջին հերթափոխից 2 օր առաջ է վերադարձել: Ծխախոտի տուփի վրա գրել է իր մարտական նոր ընկերների անուններն ու հեռախոսի համարները: Սպասում է հաջորդ հերթափոխին:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ սկսվեց արցախյան երկրորդ պատերազմը: Գյուղացիները բահը դրեցին ու կրկին զենք վերցրին: Արցախ մեկնող կամավորականներին է անդամագրվել Արգավանդ գյուղի բնակիչ 69-ամյա Հովհաննես Մաթևոսյանը, ում անհանգստացրել է վերսկսված պատերազմը և արցունքն աչքերին լսել երիտասարդ զինվորների մահվա բոթը:
Կինը՝ Քնարիկ Մաթևոսյանը, պատմում է, որ ամբողջ օրը լաց էր լինում, ասում էր, որ ուժեղ հարձակում է եղել Մարտակերտի ուղղությամբ, Թալիշն ու Մատաղիսն ավերվել են: Ասում էր, որ պետք է գնա, իսկ ինքը ընդդիմացել է՝ հաշվի առնելով ամուսնու տարիքը:
Հովհաննեսը մարտական փորձ ունի, 1990-ական թվականներին մասնակցել է ինքնապաշտպանական կռիվներին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի Վահան գյուղի հատվածում: Ռազմաճակատ մեկնելու որոշումն այս անգամ նույնպես անդրդվելի էր, և հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ մարտական ընկերոջ, համագյուղացի Նորիկ Դանիելյանի հետ միանալով «Սև Հովազ« ջոկատի կամավորականներին՝ մեկնել էր Արցախ: Ընտանիքի անդամները չեն իմացել, ասել է, որ գնում է աշխատանքի, տեղյակ է պահել Արցախի ճանապարհին:
Արմավիրցի կամավորականների առաջին հերթափոխը 24 օր մնացել է կռվի դաշտում, մեր զինվորների կողքին, կռվել նրանց հետ ու ապրիլի 29-ին վերադարձել, որոնց փոխարինել են 2-րդ հերթափոխի կամավորականները, նրանց թվում են նաև Արմավիրի մարզի համայնքների ղեկավարները: Հովհաննեսը զինվորին հատու վարքագծով լուռ է, իսկ իր կողքին կռվող ժամկետային զինծառայողների ու երիտասարդ զինվորականների խիզախությամբ հպարտանում է՝ լավ են տիրապետում տեխնիկային, քաջ են, կրակոցներն էլ՝ դիպուկ է:
Հովհաննես Մաթևոսյանը նշում է, որ ռազմաճակատում իրենք ապահովված են եղել սննդով, հագուստով, զենք-զինամթերքով, կռվել են, դրա հետ մեկտեղ կատարել բոլոր այն հրամանները, որոնք տրվել են պաշտպանության նախարարությունից: Ասում է, որ արմավիրցիների ուղարկած օգնությունը տեղ է հասել և ամեն օր հատկացրել են զինվորներին: Հուզվել են երեխաների գրած նամակներից, դրանք ոգևորել և ուժ են տվել մեր զինվորներին: Նամակ էր ուղարկել նաև Հովհաննեսի 10-ամյա թոռնուհի Քնարիկը:
Գյուղի աշխատանքները մնացել են: Հանգստանալուց հետո մտել է հող ու տեսել, որ վերջին օրերի ցրտահարություններից վնասվել են նաև խաղողի շիվերը, գարնանային ցրտահարության հետևանքով էլ չունեն ծիրան ու սև սալոր: Խաղող կունենան՝ բայց քիչ:
Տնամերձ այգում դրկից հարևանը տեսնելով Հովհաննեսին շտապեց ողջունել, հետաքրքվել տիրող իրավիճակով: Հարևանը՝ 60-ամյա Հրաչիկը, սպայական կազմի պահեստազորային է, անհրաժեշտության դեպքում ինքն էլ կմեկնի Արցախ:
Հովհաննես Մաթևոսյանը գյուղի միակ էլեկտրիկն է, աշխատում է նաև հարակից ավազի ջարդման և տեսակավորման արտադրությունում: Սեփականաշնորհված հողում առվույտ է ցանել: Այժմ անցել է իր առօրյա աշխատանքին, սակայն մտքով Արցախում է, սպասում է իր հերթափոխին:




