

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ սահմանում ընթացող ռազմական գործողություններին են անդրադարձել «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, քաղաքական վերլուծաբան Դմիտրի Մարտիրոսյանը եւ հետախույզ Գեւորգ Գեւորգյանը: Նրանք, հիշեցնելով, որ մարտահրավերը մեզ համար նոր չէ, համոզմունք են հայտնել, որ հայոց բանակն արժանի հակահարվածը տալիս է ու կտա, եթե Ադրբեջանը նույն կերպ շարունակի: Հետախույզ Գեւորգ Գեւորգյանն էլ իր հերթին նշել է, որ ադրբեջանական մոտեցումները մեզ համար նորություն չեն, իսկ ռազմական գործողությունները ցույց տվեցին եւ ցույց են տալիս, որ նրանց զինված ուժերը, անկախ իրենց ռազմական հնարավորություններից, անկարող են իրենց նպատակներն իրականացնել:
«Մեր բանակն իր զինվորներով եւ սպայակազմով ամուր կանգնած է եւ ինչ էլ որ փորձի Ադրբեջանը կիրառել, միեւնույնն է, մեր սահմաններն ամուր են պաշտպանված, քանի որ ամուր են կանգնած մեր զինվորները»:
Անդրադառնալով տարածքներ վերադարձնելու վերաբերյալ խոսակցություններին՝ բանախոսները համակարծություն հայտնեցին այն առնչությամբ, որ մենք քայլ հետ գնալու իրավունք չունենք, քանի որ մենք ոչ թե գրավում ենք, այլ՝ մեր տունն ենք պաշտպանում: Քաղաքական վերլուծաբան Դմիտրի Մարտիրոսյանն էլ այդ առթիվ ասաց հետեւյալը. «Ամենալավ պատասխանը հնչեց ԼՂ ԱԺ-ում, որ դրանք ոչ միայն հակաարցախյան, այլեւ՝ հակահայժողովրդական: Ես կարող եմ միայն ողջունել եւ միանալ հենց այս կարծիքին»:




