
Հայաստանը ԼՂ-ում իրավիճակի սրման ժամանակ օգնության խնդրանքով չի դիմել ՀԱՊԿ-ին. այսօր, լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ոչ մի խնդրանք չի եղել»,- ասել է նա` պատասխանելով հարցին:
Բորդյուժան հավելել է, որ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ շփումների ժամանակ իրեն հասկացրել են, որ «Հայաստանը, մեծ հաշվով, գործի չի դրել իր պոտենցիալի մեծ մասը», այդ պատճառով որևէ խնդրանք չի եղել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դրական պատասխան է տվել լրագրողի հարցին, թե արդյո՞ք փաստը, որ ԼՂ-ն, միջազգային իրավունքի համաձայն, Հայաստանի մաս չէ, նշանակում է, որ ՀԱՊԿ-ը կարող է օգնության հասնել միայն այն դեպքում, եթե վտանգ է սպառնում Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմաններին: «Այո, դուք ճիշտ եք հասկանում»,- ասել է նա:
Բորդյուժան նաև նշել է, որ ԼՂ-ում իրավիճակը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության համար: Ըստ նրա` եթե ռազմական գործողությունները կրկնվեն, կգա մի շրջան, որ ակտիվ ռազմական դիմակայությունը կպայթեցնի Կովկասը, հակամարտության մեջ կներգրավվեն շատ պետություններ: «Այսօր կարևորը խաղաղության ապահովումն է, հակառակ դեպքում` Կովկասում մեծ պատերազմ կլինի: Ես դա չէի ցանկանա»,- հայտարարել է Բորդյուժան։




