
100 LIVES & Aurora Prize-ի համահիմնադիր Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը ժամանել է Երևան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանն ու դրա շրջանակում իրականացվող մյուս միջոցառումներին։ Նա մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ է:

Ավելի վաղ մրցանակաբաշխությանը ներկա գտնվելու համար Երևան էր ժամանել լեգենդար երգիչ, բարեգործ Շառլ Ազնավուրը։

Հայաստանում է նաև «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներից մեկը՝ Հայր Բերնար Կինվին: Նա Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունից է : Երևան ժամանելուց հետո նա հասցրել է այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Զվարթնոցի տաճար:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն անձնվիրաբար օգնում է մարդկանց:
Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպությանը։
«Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երևանում։
Լուսանկարները՝ մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջից:




