Ցեղասպանություն 100Քաղաքական

Հայոց պահանջատիրության առումով ուղենիշներն ակնհայտ են. Արա Պապյան

karenghazaryan
Պահանջատիրության ուղղությամբ պայքարը «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց. դիտարկումներ և գնահատականներ» խորագրով քննարկում է այսօր կազմակերպել «Մեդիա կենտրոնը»: ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը համոզմունք է հայտնել, որ 2015 թվականի հունվարի 29-ը՝ Համահայկական հռչակագրի ընդունումը, կարելի է համարել այն նոր փուլը, որով, թեպետ շատ զգուշավոր, բայց պետական մակարդակով սկսվում է նաեւ  ճանաչման գործընթացից դեպի իրավաքաղաքական դաշտ անցնելու գործընթացը: Քննարկմանը մասնակցել են նաեւ «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, դիվանագետ Արա Պապյանը եւ թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ինստիտուտի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:

 

ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատահական չհամարեց, որ պետական մակարդակով փորձ է արվում ստեղծելու մի իրավաքաղաքական փաթեթ՝ ներկայացնելու համապատասխան մարմիններին՝ խնդիրն իրավական դաշտ տեղափոխելու համար:

Ըստ բանախոսի՝ 100-րդ տարելիցից հետո պահանջատիրության դիրքերից անկում տեղի չի ունեցել, ինչպես կարծում էին, ոմանք: Համահայկական մակարդակով պահանջատիրության խնդիրն, այնուամենայնիվ, դանդաղորեն, բայց հաստատակամ ձեւով առաջ է ընթանում՝ իր խոսքը եզրափակեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Անդրադառնալով համահայկական հռչակագրի 6-րդ կետով նախատեսված իրավական թղթածրարին առնչվող հարցին՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ պահանջատիրության ուղղությամբ մեր քայլերը դեռ ցանկալիից շատ հեռու են եւ երբեմն՝ նաեւ դանդաղ, սակայն, նրա ձեւակերպմամբ.

«Թեկուզ ուշացած, բայց այդ քայլերը պարտադիր են: կենսական քայլեր են՝ ըստ էության՝ մշակել այն իրավաքաղաքական փաթեթը, որը մեզ հիմք կտա, կամ հիմք կդառնա մեզ համար՝ պահանջատիրության տարբեր ասպեկտները լուծելու համար: դրանք լինեն մշակութային, լինեն տարածքային, լինեն ֆինանսական եւ այլն»:

Թուրքագետը վստահ է, որ մշակված փաթեթը պատասխան կտա տարբեր հարցերին, քանի որ այդ փաթեթում հարցերի բավականին լայն սպեկտր է ընդգրկված, այդ թվում՝ ներկայումս Թուրքիայի Հանրապետության պատասխանատվության հարցը, քանի որ, լինելով տարբեր միջազգային կառույցների անդամ, Թուրքիան հետագայում էլ չի պահպանել այդ կառույցներին ադամակցելիս ստորագրած իր պարտավորությունները եւ շարունակել է ցեղասպանական գործողություններ իրականացնել ինչպես հայկական մշակույթի, այնպես էլ՝ առանձին հայերի, խմբերի նկատմամբ: Թուրքագետը նկատեց նաեւ, որ այդ քաղաքականությունը այսօր էլ շարունակվում է: Անցած տարվա արդյունքներին անդարադառնալով՝ Ռուբեն Մելքոնյանը ասաց, որ Հայոց ցեղասպանության խնդիրն առնվազն երկու-երեք ոլորտներում որոշակի առաջընթաց արձանագրեց, օրինակ՝ կարեւոր էր Հռոմի Պապի ելույթը ու դրանից հետո սկիզբ առած գործընթացը, որը, ասես, աշխարհի բարոյականության առջեւ որոշակի քննություն լիներ:

Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ այն պետություններն ու քաղաքական գործիչները կարողացան այդ քննությունն անցնել, կարողացան ապացուցել, որ հարում են համամարդկային արժեքներին: Նրանք, ովքեր լուռ կամ պասիվ մնացին՝ ապացուցեցին, որ համագործակցում են ցեղասպան մտածողության հետ: Թուրքագետի գնահատմամբ՝ Թուրքիայի մեթոդները գրեթե չեն փոխվել եւ նրա որոշակի քայլերը՝ եվրոպական կամ համաշխարհային չափանիշերին համապատասխան ելույթները զուտ իմիտացիոն բնույթ են կրում:

Քննարկման մասնակիցներից «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանն էլ, անդրադառնալով հայ-թուրքական հայտնի արձանագրությունների թեմային, կարծիք հայտնեց, որ ստորագրություններն օր առաջ պիտի չեղյալ հայտարարվեն: Նա նկատեց, որ ակնհայտորեն վերջին արցախյան քառօրյա պատերազմն էլ ցույց տվեց, որ Թուրքիան մեր դեմ բացահայտ պատերազմ է մղում՝ ուղղակի կամ ածանցյալ:

Արա Պապյանը փոխանցեց, որ ինքը ուղենիշները տեսնում է, սակայն, գործնական քաղաքականության մեջ չի տեսնում որեւէ էական փոփոխություն՝ անգամ հայտարարությունների առումով: Նա կարծում է նաեւ, որ պետք է տարբեր լեզուներով լույս ընծայել հիմնարար աշխատություններ:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ՝ պիտի նաեւ հասկանալ Թուրքիայի օրենսդրական դաշտը, որ ձեւավորվել է ցեղասպանությունից հետո, քանի որ այն միտված է եղել պահանջատիրության կանխմանը: Թուրքագետը համոզված է, որ, ընդհանուր առմամբ,  մտածելակերպ փոխվել է, աշխատանքներ են արվել եւ արդյունքներ կլինեն:

Back to top button