

Ինչու ղարաբաղյան 4-օրյա ռազմական գործողությունները ԵԽԽՎ-ում օրակարգային հարց չդարձավ, ինչու հանձնաժողով չստեղծվեց ու մոնիտորինգ չի իրականացվում ստեղծված իրավիճակում , ինչը լինում է սովորաբար նման բարդ իրավիճակներու: Մամուլի ազգային ակումբում այսօր կազմակերպված քննարկման ընթացքում քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները քննարկել են սահմանային իրավիճակն ու միջազգային հանրության կեցվածքը:
Քաղաքական ուժերը սպասում են որևէ հուշում, որպեսզի հասկանան, թե այս բարդ իրավիճակում ինչով կարող են օգտակար լինել, սակայն իշխանությունների կողմից որևէ այսպես ասած հանձնարարական չի հնչում, ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ այն, ինչ կատարվեց ապրիլի սկզբին ոչ թե ռազմական գործողություն էր, այլ ճակատամարտ, ինչը սպասելի էր, քանի որ ղարաբաղյան խնդիրը բաց վերքի պես մնացել է չլուծված: 1990 թվականին հնարավոր էր խնդիրը հանգիստ լուծել, սակայն միջազգային հանրությանը դա ձեռնտու չէր, քանի որ գերտերություններին տաք կետեր են պետք, որպեսզի պարբերաբար սեղմելով այդ կետը՝ լուծեն իրենց խնդիրները:
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը շեշտադրեց 1997 թվականի հուլիսի 7-ի Ստեփանակերտի համաձայնագիրը վերահաստատելու անհրաժեշտությունը: Այն ժամանակ քաղաքական ուժերի կոնսոսլիդացիա տեղի ունեցավ, այս անգամ դա չի նկատվում: Քաղաքական ուժերը 97-ին պատրաստակամություն հայտնեցին պաշտապանելու ԼՂՀ անկախությունը: Նրա կարծիքով՝ այսօր Բաքուն ռազմական գործողություններ սկսեց՝ ազդելու միջազգային հանրության՝ ԵԱՀԿ ՄԽ-ի վրա իրեն ձեռնտու տարբերակով խնդրի լուծում ստանալու նպատակով:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարայանն էլ այսօրվա իրողությանն անդրադառնալով նշեց, որ 4- օրյա ռազմական գործողություններից հետո ԵԽԽՎ-ում պետք է հարցը հրատապ քննարկման դրվեր, սակայն այդպես չեղավ: Ընդամենր մի քանի ելույթ ու վերջ, որպեսզի և ՙգայլերը կուշտ լինեին, և ոչխարներն անվնաս՚՝ ասաց:
«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ նախագահ, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը ևս տարօրինակ համարեց, որ սահմանային ռազմական գործողությունները ԵԽԽՎ- ն հստակ օրակարգի հարց չդարձրեց: «Մարդու իրավունքների կոպիստ խախտումներ եղան ու նման պայմաններում առաջարկներով ներկայանալը, տարածքների փոխզիջման մասին խոսելը նահանջողական կեցվածք է»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։
Ըստ նրա՝ ի՞նչ իմաստ ունի նոր պայմանագիր կամ հանաձայնագիր ունենալ մի պետության հետ, որն ի զորու չէ պահել որևէ համաձայնագիր: Ադրբեջանի իշխանություններն ունակ չեն համաձայություններ պահել, նման պայմաններում ՀՀ իշխանությունները հայեցակարգային փոփոխություններ պետք է անեն՝ ընդգծեց նախկին օմբուդսմենը։




