
Ապրիլի 17-ին Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի Յենա քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը և Օրհնության կարգը՝ Ձեռամբ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի Առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը և Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերը, որոնք իրենց ելույթներում նշեցին, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հաշտեցման անկյունաքարն է:
Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, Յենայի քաղաքապետարանի աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։




