
Լոս Անջելեսի թաղամասերից մեկում իրենց տան առաջ հայկական դրոշը ծածանելու համար ընտանիքը սպառնալից նամակ է ստացել, հայտնում է ABC- 7 հեռուստակայանը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը։
Հինգշաբթի օրը Հասմիկ Չատալյանը տեղի ոստիկանական բաժանմունք հաղորդում է տվել իր փոստարկղում սպառնալիք պարունակող նամակ գտնելու մասին։ Երկու երեխաների մայրն ասել է, որ ինքը հայկական դրոշը փակցրել է՝ ի պատիվ Լեռնային Ղարաբաղում զոհված իր հայրենակից հերոսների:
«Ձեզ կվնասեն»,- ասված է եղել նամակում։
«Ինձ սպառնան իմ սեփական տան մեջ՝ ուղղակի սարսափելի է»,- ասել է Չատալյանը։
Ոստիկանությունը նամակը վերցրել է, որպես ապացույց՝ հետագա քննության համար։ Իրավապատներն ասել են, որ դա եղել է «ատելության դրսևորում»:
Սպառնալիքից հետո Չատալյան ընտանիքը ոչ միայն չի հանել հայկական դրոշը, այլ կախել է նաև երկրորդ դրոշը: Նրանք նաև կոչ են արել հայկական այլ ընտանիքներին իրենց տներում եւս ծածանել հայոց եռագույնը։ «Ես այստեղ եմ մեծացել, բայց ես հայ եմ և հպարտ եմ իմ հայրենիքով: Ես որևէ մեկին թույլ չեմ տա ջախջախել այն,- ասել է Հասմիկ Չատալյանը՝ հավելելով,- որևէ մեկը թող ինձ չթելադրի՝ ինչպես սիրել հայրենիքը»։




