Հասարակություն

Կամավորները պատրաստ են կանգնել հայ զինվորի կողքին (լուսանկար)

aidaavetisyan
Շփման գծում լարված իրավիճակի պայմաններում Հայաստանից ու Արցախից բազմաթիվ կամավորներ ու  ազատամարտիկներ առաջնագիծ մեկնելու պատրաստականություն են  հայտնել: Գնում ենք մեր երիտասարդների մարտական ոգին էլ ավելի բարձրացնելու ու նրանց կողքին լինելու համար, ասել են նրանք:


Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող լարված իրավիճակի պայմաններում Հայաստանից ու Արցախից ազատամարտիկների ու  կամավորների հավաքագրված  խմբեր են  բարձրանում առաջնագիծ՝ սահմանին կանգնած զինվորի կողքին լինելու նպատակով: Երեկ երեկոյան Ստեփանակերտի կենտրոնում՝ զինվորական հավաքակայանի մոտ, շուրջ  1000 մարդ է հավաքվել: Այսօր էլ ազատամարտիկներն ու կամավորները  Արցախի ազատամարտիկների միությունում մարտական հենակետեր մեկնելու պատրաստակամություն են հայտնել:

«Մի մասը հենա ընդեղ, մի մասը ստեղ, մի հարյուրավոր հազարավոր մարդիկ կան, որ եկալ են խնդրում են, որ ընկերներն այնտեղ են մենք էլ ենք ուզում գնալ: Շատ լավ են դուխով, մեր երիտասարդության մեջին կա, մեր ազգին մեջին կա: Ցավը տանեմ մեր ժողովուրդին, մեր ազգին, մեր տղորանցը մեկ մարդու նման կանգնած են մինչև վերջ»:

Ըստ Ղարաբաղի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանի՝ պաշտպանական բանակն իր առջև դրված խնդիրը կատարում է  գերազանց, իսկ հազարավոր կամավորներ արդեն պաշտպանում են  մարտական դիրքերը:

«Մենք էլ սպասում ենք  հրահանգ լինելու դեպքում բարձրանալ դիրքեր: Մեր մատաղ սերնդին մենք մենակ չենք թողնի»:

ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հրահանգով՝ 20 տարեկանից բարձր բոլոր երկրապահ կամավորականները նույնպես  հավաքվել են մարզային վարչություններում:  ԵԿՄ մամուլի բաժնի ղեկավար Վարդան Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ Երկրապահ կամավորական միության կենտրոնական երևանյան վարչության գրասենյակը մարդաշատ է: Այստեղից հազարավոր  կամավորներ սեփական դիմումի համաձայն ցուցակագրվել և այս պահին մեկնում են առաջնագիծ: Ըստ մամուլի պատասխանատուի՝ քայլերն էլ համաձայնեցվում են  պետական կառույցների  հետ:

Կամավոր ջոկատներ են  հավաքագրվել նաև Հայաստանի տարբեր մարզերից:  Ապարանի երկրապահները նույնպես մեկնել են առաջնագիծ, իսկ Արագածոտնի մարզի ազատամարտիկների միությունից  ևս  10-ը ազատամարտիկ մեկնելու պատրաստակամություն է  հայտնել: Խմբի ղեկավար Մնաց Հակոբյանի խոսքով՝ սահմանին կանգնած երիտասարդներին երբեք միայնակ չեն թողնի:

Ղարաբաղյան պատերազմի վետերաններն էլ իրենց հերթին են պատրաստ աջակցել սահմանին կանգնած զինվորին: Առավոտվանից հավաքվել են Նուբարաշենի զորամասում և պատրաստվում են մեկնել Արցախ:  Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյանն էլ իր հերթին մեզ փոխանցեց, որ  անհրաժեշտ զենք ու զինամթերքը ստանալուց հետո կշարժվեն առաջնագիծ: Մոտ 200 հոգի վետերան պատրաստ է մեկնելու, ասում է:

Ազատամրտիկները նշում են, որ բարձր տրամադրությամբ ու մարտական ոգով են մեկնում առաջնագիծ՝ սահմանում մարտնչող  զինվորների անպարտելի ոգին էլ ավելի բարձրացնելու համար:

Կարդացեք նաև

Back to top button