

Մարտի 27-ին ամբողջ աշխարհը կնշի Թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: Թատրոնի օրվան ընդառաջ ոլորտի ձեռքբերումների, խնդիրների և ստեղծագործական համագործակցության, թատերական արվեստի հեռանկարների մասին են այսօր խոսել թատերական գործիչները: Ռադիոլուրը նաև քաղաքացիներից է հետաքրքրվել, թե արդյո՞ք գնում են թատրոն և ինչ տեղ ունի իրենց կյանքում թատերական արվեստը:
Թատրոնի միջազգային օրն այն միակ տոնն է, որը ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը ոչ միայն շատ սիրում է, այլև իրեն այդ օրը լիարժեք է զգում:
Եթե Ջուլիետա Ստեփանյանի համար թատրոնի օրն է տոն, ապա ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի համար տոն է յուրաքանչյուր օր, երբ կա բեմադրություն, փորձ, ներկայացում: Իհարկե Նիկոլայ Ծատուրյանին ուրախացնում է նաև հանդիսատեսի ակտիվությունը, ինչը վերջին շրջանում բացակայում էր:
Հասարակությունը սիրում է թատրոնն ու թատերական ներկայացումները, և սա է, որ Նիկոլայ Ծատուրյանին շատ է ուրախացնում: Ժողովրդական արտիստին ուրախացնում են նաև թատրոնի երիտասարդ դերասանների և բեմադրիչների հաջողությունները:
Նոր և ավագ սերնդի միջև տարբերություններ դնելը սխալ է համարում նաեւ դերասան Գագիկ Մադոյանը, ով նման խնդիր չի էլ ունեցել: Երիտասարդ դերասանն աշխատել է ինչպես իր սերնդակիցների, այնպես էլ ավագ սերնդի հետ:
Ոլորտի խնդիրներից Նիկոլայ Ծատուրյանին ամենից շատ մտահոգում է պետության անտարբերությունն ու վերաբերմունքը թատրոնի նկատմամբ: Իհարկե ապրելու և ծաղկելու համար թատրոնին պետական հոգածություն և լուրջ ֆինանսավորում է անհրաժեշտ։




