Վերլուծական

Եվրոպայում ահաբեկչությունները նաեւ ներքին խնդիր են

karenghazaryan

Իսլամիստների ներխուժումը Եվրոպա հանգեցնում է եվրոպական երկրներում նացիոնալիստական ուժերի ուժեղացմանը, հայտարարում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ արձանագրելով՝ մասնավորապես Գերմանիայի մի քանի տարածքներում անցկացված ընտրություններում արդեն հաղթել են հենց այդ ուժերը: Սորբոնի համալսարանի աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Ռայմոն-Հարություն Գեւորգյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նույնպես շեշտել է այդ հանգամանքը՝ միաժամանակ նկատելով, որ եվրոպական ահաբեկչությունները բազմակողմանի, նաեւ՝ ներքին խնդիր են, քանի որ ահաբեկիչները ոչ թե Սիրիայից եկան, այլ՝ ծնվել կամ կրթվել են հենց Եվրոպայում:    

 

Բելգիայում կատարված ահաբեկչությունից մեկ օր առաջ Ֆրանսիան հայտարարեց, որ ուժեղացնում է սահմանը Բելգիայի հետ: Եվրոպական հատուկ ծառայությունները, ակնհայտ է, որ ինչ-որ բանից տեղյակ էին: Նկատելով այս հանգամանքը՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծիք հայտնեց, որ աշխարհի ուժային կենտրոնները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա, պայմանավորվել են ահաբեկչության դեմ պայքարի հարցով, որի արդյունքում էլ Ռուսաստանը դուրս բերեց իր զորքերը Սիրիայից:

Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ այդ պայմանավորվածությունն՝ ըստ քաղտեխնոլոգի. «Այսինքն, ինչպես ժամանակին՝ սեպտեմբերի 11-ից հետո սկսվեց աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից պայքարը Ալ Կաիդայի դեմ, այնպես էլ հիմա բավականին լուրջ պայքար կսկսվի: Միջպետական քաղաքական լարվածությունը Ռուսաստանի դեմ, ես կարծում եմ, կթուլանա դրա հետեւանքով, որովհետեւ թիվ մեկ թշնամին կրկին կդառնա ոչ թե, ասենք, Ռուսաստանը եւ այլն՝ ինչ որ մի կոնկրետ պետություն, այլ՝ տեռորիզմը»:

Սորբոնի համալսարանի աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Ռայմոն-Հարություն Գեւորգյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նույնպես կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումը կարող է թուլանալ, քանի որ ստեղծված կացությունը թելադրում է ընդհանուր շահ:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նաեւ նկատեց, որ Գերմանիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում նացիոնալիստական ուժերը հաղթել են: Ըստ նրա՝ նույն միտումն զգացվում է նաեւ Ֆրանսիայում, անգամ Անգլիայում, որտեղ ամենափոքրն է իսլամիստների ազդեցությունը:  «Այսինքն, իսլամի ներխուժումը Եվրոպա բերում է նացիոնալիստական ուժերի բավականին լուրջ զարգացման Եվրոպայում, ինչը մոտակա մի քանի տարիներին, ես կարծում եմ, անպայման բոլոր երկրներում է շարունակվելու: Մի խոսքով, ուտում է այն ճաշը, որը ինքն է եփել, բայց, ցավոք, նրա հետ միասին այդ ճաշը ուտելու են բոլորը»:

Սորբոնի համալսարանի աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Ռայմոն-Հարություն Գեւորգյանը խնդիրը բազմակողմանի համարեց՝ նաեւ շեշտելով, որ այն նաեւ ներքին խնդիր է ու այդ առումով լուրջ մտահոգության առիթ տեսնում է:

Ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ այս ամենը չի կարող հանգեցնել եվրոպական արժեքների վերանայման կամ ԵՄ քայքայման, քանի որ եվրոպական արժեքները ձեւավորվել են դարերի ընթացքում եւ ժողովուրդը հանգիստ է նայում այդ ամենին: «Հանգիստ են իրենք ապրում: Այնպես չէ, որ միասեռականությունը իրանց համար մշակույթ է,  կամ՝ կոռուպցիան իրենց համար չկա: Այդպես չի: Իրենք իրենց համար հանգիստ ապրում են: Այլ խնդիր է, որ մենք ենք էստեղ ծայրահեղացնում կամ՝ ռուսական մամուլն է դա ահավոր ծայրահեղացնում, երբ իրենց պետք է: Երբ պետք չի, նորմալ է ներկայացնում»:

Վերլուծաբանի գնահատմամբ՝ այսօր նաեւ աշխարհի վերաբերմունքն է Թուրքիայի նկատմամբ փոխվել եւ դա բարենպաստ է մեզ համար, ուստի՝ խնդիրն այն է, թե ինչպիսի պտուղներ կկարողանանք քաղել դրանից: Ռայմոնդ-Հարություն Գեւորգյանը նույնպես կարծում է, որ Թուրքիայի նկատմամբ աշխարհում վերաբերմունքի փոփոխություն կա, սակայն, նրա ձեւակերպմամբ, պետք չէ շատ երազել, քանի որ փոքր երկիրր ենք:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ մենք չենք կարող շատ դուրս մնալ գործընթացներից, այսինքն՝ համաշխարհային անվտանգության խնդրում ու հետագա լուծումներում պետք է լինել դիվանագիտական խաղացող: Դրա հնարավորությունը, ի տարբերություն նախկինի, այսօր ունենք՝ եզրափակեց քաղտեխնոլոգը:

Կարդացեք նաև

Back to top button