
նկարը՝ Մեդիա կենտրոնի

Փախստականների հիմնախնդիրը ստիպում է Գերմանիային վերանայել երկրի միգրացիոն քաղաքականությունը: Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր նշել է, որ այնտեղ ապաստան հայցողներից յուրաքանչյուրի հայտն անհատական քննություն է անցնում: Քաղաքական ճնշումներից կամ պատերազմներից փրկություն որոնողները երկարաժամկետ կացության իրավունք ստանալու ավելի մեծ հնարավորություն ունեն, փոխարենը՝ տնտեսական խնդիրների պատճառներով Գերմանիայում հաստատվել ցանկացողները կարող են մերժվել կամ երկրից արտաքսվել: Փարիզի եւ Բրյուսելի դեպքերից հետո ինչպե՞ս է պատրաստվում Եվրոպան հաղթահարել մարտահրավերները:
Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչությունները համաեվրոպական խնդիր են: «Հնարավոր չէ նման իրադարձությունները բացառել նաեւ Գերմանիայում»,-արձագանքելով «Ռադիոլուր»-ի հարցին` ասում է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարներն այսօր քննարկում են ահաբեկչության դեմ միասնական անելիքները: Դեսպանը նաեւ շեշտում է` ահաբեկչության հարցը պետք չէ ուղղակիորեն կապել Արեւմտյան Եվրոպա, կոնկրետ Գերմանիա եկած փախստականների հետ: Այդ գործողությունների մեջ ներգրավվածները, հակառակը, հենց Եվրոպայում մեծացած եւ սոցիալականացված մարդիկ են: «Ամեն տեղ ոստիկաններ նշանակել չենք ուզում, բայց ահաբեկչությունից պակաս խոցելի լինելու քայլեր պետք են»,-ասում է դեսպանը:
«Այս պահին շենգենյան ներքին սահմանները մասամբ փակված են: Մենք պետք է ջանքեր գործադրենք` այդ սահմանները շուտափույթ բացելու համար: Դա նշանակում է, որ մենք մյուս կողմից պետք է ամեն ինչ անենք, որ շենգենյան արտաքին սահմանները շատ արագ անվտանգ դառնան»:
Փախստականների խնդիրը բեւեռացրել է Գերմանիայի հասարակությունը: Մի ճամբարում աջակցում են այս հարցով Մերկելի քաղաքականությանը, մյուսում աճում է ընդդիմադիրների թիվը: Վերջերս Սաքսոնիա Անհալթ երկրամասի ընտրությունների արդյունքում խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցությունը դարձավ այն քաղաքական ուժը, որը դեմ էր մերկելյան քաղաքականությանը. նկատում է դեսպան Մաթիաս Քիսլերը: Փախստականների խնդիրը 2 ճամբարի է բաժանել նաեւ թուրք հասարակությանը, նկատում է Վիեննայի համալսարանի դասախոս, քաղաքագետ Թոմաս Շմիդինգերը եւ շեշտում`
«Թուրքիայում մտահոգվում են` արդյո՞ք փախստականներին օժանդակելու նպատակով Եվրոպայից ուղղվող հսկա գումարները կծառայեն նպատակին ու չեն ուղղվի ներքին ընդդիմադիր ուժերի եւ քրդերի դեմ` ուժեղացնելով ավտորիտար ռեժիմն այդ երկրում»:
Կարելի է արդյոք սիրիացիների ապահովությունը վստահել Ցեղասպանություն իրագործած ու դա հերքող մի երկրի, որը, ըստ տարբեր աղբյուրների, ուղղակիորեն օժանդակում է իսլամիստ ահաբեկիչներին: Հայաստանում Գերմանիայի դեսպանն, ի պատասխան «Ռադիոլուր»-ի, հղում է կատարում փետրվարի 18-ի Թուրքիա-Եվրամիություն համաձայնագրին, որով Թուրքիան պատասխանատվություն է ստանձնել: Բացի այդ` միայն թուրք-հունական սահմանի անվտանգությամբ կարելի է այս հարցը լուծել:
«Արդյոք այս հայեցակարգը արդյունք կտա, մենք առաջիկա ամիսներին կտեսնենք: Մարտի 20-ին այն ուժի մեջ է մտել, ապրիլի 4-ից հավանաբար կտեսնենք ընթացքը»:
«Կարիտաս» միության Վիեննայի գրասենյակի բաժնի ղեկավար, քաղաքագետ եւ հրապարակախոս Մարի Քրոյցերը փախստականների հետ աշխատանքի մեծ փորձ ունի, միաժամանակ նաեւ դժգոհություն` նրանց մասով եվրոպական քաղաքականությունից: «Տարիներ շարունակ Եվրոպայում նրանց վերաբնակեցման ծրագիր ենք ակնկալում, բայց ոչ մի արդյունք»,-ասում է:
«Եթե խնդիր է դրված կանխել անօրինական ներգաղթի ճանապարհին հարյուրավոր մարդկանց մահերը, մարդկանց առեւտուրը եւ կտտանքները, պետք է նրանց համար օրինական տեղաշարժի հնարավորություն ստեղծել»:
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանն էլ իր հերթին է նկատում` սիրիական խնդրի բերումով Հայաստան են եկել տասնյակ հազարավոր սիրիահայեր: Թվում էր` խնդիր չպետք է լինի, բայց դրանք կան: Հայրենիքից հեռու հայերն ուրույն մշակույթ ու մտածելակերպ են զարգացրել, ինչը վերաինտեգրման խնդիր է առաջացնում:
Ստացվում է` Հայաստանն էլ իր հերթին է միգրացիայի հարցով աջակցություն ակնկալում Եվրոպայից, որն այդ հարցով սեփական խնդիրներին է լուծում փնտրում:




