Մշակույթ

Մանուկներին ծառայող թատրոնի առաքելությունը

alisagevorgyan
Արդեն 81-ամյա Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն այսօր իր մասնագիտական տոնը կնշի տանը, այսինքն՝ թատրոնում: Միմյանց ուղղված շնորհավորանքներում կոլեկտիվի անդամները մեկ անգամ ևս կհիշեն այն բացառիկ առաքելության մասին, որն ունի մանուկներին ծառայող թատրոնը: Իսկ այդ առաքելության մասին մինչ այդ լրագրողների հետ զրույցում է տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

 

 

Թատրոնի հետ յուրաքանչյուրիս առաջին հանդիպումը կայանում է նախ տիկնիկային թատրոնում, ուստի արվեստի հենց այս օջախի ուսերին է պատասխանատվությունը, որպեսզի առաջին հանդիպումը չդառնա վերջինը: Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ավելի քան համոզված է՝ չկա դասական թատրոն, չկա ապագայի թատրոն, թատրոնը կամ այսօրվանն է, կամ պարզապես գոյություն չունի: Թատրոնը միշտ պետք է լինի ժամանակակից:

Իր ժամանակի հետ քայլող և հանսիսատեսի հետ կենդանի շփման մեջ ապրող թատրոնում է, որ փոքրիկ հանդիսատեսը ձևավորվում է որպես քաղաքացի, մարդը՝ դառնում է մարդ:

«Մարդու մեջ կա ամեն ինչ՝ և՛ դրականը, և՛ բացասականը: Արվեստի կարևորագույն առաքելությունն է անձի մեջ արթնացնել և զարգացնել լուսավորը, դրականը: Արվեստը, մասնավորապես թատրոնը,  մարդուն պիտի հույս տա, ոչ թե զրկի վերջին հույսից»,-համոզված է Բաբայանը:

Ըստ արվեստագետի չի կարելի երեխային խաբել, չի կարելի մտածել, որ նա  զերծ է այն զգացմունքներից և տառապանքներից, որ ունենում են մեծահասակները: Երեխան  նույնպես կարող է տառապել անպատասխան սիրուց և դավաճանությունից: Մանկական հոգին պարզունակ չէ և խոցելի է, որովհետև բաց է, ուստի, ինչպես ասում է Ռուբեն Բաբայանը, չի կարելի պղտորել այդ հոգին:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն այսօր իր մասնագիտական տոնը կնշի տանը, այսինքն՝ թատրոնում: Միմյանց ուղղված շնորհավորանքներում մեկ անգամ ևս կհիշեն այն բացառիկ առաքելության մասին, որն ունի մանուկներին ծառայող թատրոնը:

Ի դեպ, նկատենք, որ Երևանի թիկնիկային թատրոնը ոչ միայն ակտիվորեն մեկնում է արտասահմանյան հյուրախաղերի, մասնակցում միջազգային հեղինակավոր փառատոնների, այլև իր պարտքն է համարում հանդես գալ Հայաստանի մարզերում, սահմանամերձ գոտիներում, որպեսզի Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխա զգա, որ այս թատրոնը նաև իրենն է:

Կարդացեք նաև

Back to top button