
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր կայքում նախազգուշացում է հրապարակել՝ կոչ անելով իր երկրի քաղաքացիներին զգույշ լինել մարտի 17-21-ն ընկած ժամանակահատվածում։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ներկայացուցչության հաղորդագրության մեջ նշված է, որ առաջիկայում նշվելու են Նովրուզի տոնակատարությունները, և քաղաքացիները այդ օրերին պետք է հեռու մնան քաղաքացիների կուտակման վայրերից, կառավարական շենքերից, մարդաշատ հրապարակներից՝ հնարավոր ահաբեկչության թիրախում չհայտնվելու համար։
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Թուրքիայի մայրաքաղաքում հնարավոր ահաբեկչության սպառնալիքի մասին տեղեկություն էր հրապարակել նաև մարտի 13-ին տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունից առաջ։
Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը նույնպես նախազգուշացրել է Ռուսաստանում սպասվող ահաբեկչությունների մասին: «Կոչ ենք անում մեր քաղաքացիներին զգոն լինել, Ռուսաստանում ահաբեկչական վտանգը շարունակում է մնալ շատ բարձր», «ՌԻԱ- Նովոստի» գործակալությանն ասել է Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության մամուլի խոսնակ Ուիլյամ Սթիվենսը: Նա նշել է, որ ամերիկյան աղբյուները հաղորդել են նաև Եվրոպայում սպասվող ահաբեկչական հարձակումների մասին:




