

Ոռոգում չկա, ծխածածկույթով էլ անհանար է եղել պաշտպանել այգիները երկարատև ցրտից ու քամուց: Արմավիրի մարզի գյուղացիները համոզված են, որ անցած գիշեր այգիները ցրտահարվել են, քանի որ ջերմաստիճանը նվազեց երեկոյան ժամերին: Հայպետհիդրոմետի տվյալներով Արարատյան դաշտում եղանակը նվազել էր երեկոյան ժամը 23-ից սկսած՝ օդում գրանցվելով -4.-7 աստիճան ցուրտ, գետնի մակերևույթին՝ -5-8 աստիճան ցուրտ:
Օդի ջերմաստիճանի նվազումն արդեն երկու օր լարված վիճակում է պահում այգետերերին, ծխածածկույթը չի օգնել ցրտահարությունից պաշտպանելու այգիները, ոռոգման ջուր էլ չկա, որպեսզի կարողանային առատ ոռոգել: Երկու գիշեր այգետերերը ծխածածկույթ են փորձել ապահովել այգիներում, սակայն ուժեղ քամու հետևանքով ապարդյուն է եղել: Գետաշենցիները մտավախություն ունեն, որ ցրտահարվել է ոչ միայն ծիրանենին, այև նուշը, կեռասը, դեղձը, սալորը, որոնք արդեն բողբոջել են: Գևորգ Մուքոյանը համոզված է, որ ծխահարումը քամու ժամանակ անօգուտ է, հարկավոր էր ոռոգել, որը նվազեցնում է ցրտահարության վտանգը:
Ոռոգման ջուր դեռ չկա, մի քանի համայնք փորձել են գործի դնել խմելու համար նախատեսված խորքային հորերը: Ցրտահարության դեմն առնելու նպատակով նույնիսկ սահմանապահ ուղեկալներն են թույլ տվել այգետերերին գիշերով մտնել սահմանի ներսում գտնվող այգիներ և ծխեցնել: Գևորգ Ղազարյանը հուսահատ նշում է, որ իր 1.2 հա այգու բոլոր ծառատեսակները հավանաբար ցրտահարվել են, քանի որ անցած գիշեր երկարատև ցուրտ եղավ:
Նոր կեսարիայում 80 հա ծիրանի այգի կա, գյուղացիները ցրտից պաշտպանելու համար ամենանկանխատեսելի միջոցների էլ են դիմել՝ ծաղկած ճյուղերը ծածկել են պոլիէթիլենային տոպրակներով: Սակայն դա աշխատատար գործողություն է և չեն կարող հեկտարների վրա այն կատարել , իսկ առավոտյան նորից քանդել, որպեսզի չխաշվի: Նոր Կեսարիայի գյուղապետ Հրայր Գալստյանը վստահաբար նշում է, որ գյուղացին կանգ չի առնի ոչ մի դժվարության առջև, եթե համոզված լինի, որ կփրկի իր այգին ցրտահարությունից:
Մի քանի բնակավայրերում գետնի մակերևույթին սառել էին ջրերը: Անցած գիշեր ցուրտը երկարատև է եղել, և ըստ հայպետհիդրոմետ ծառայության տվյալների Արարատյան դաշտում եղանակը նվազել էր երեկոյան ժամը 23-ից սկսած՝ օդում գրանցվելով -4.-7 աստիճան ցուրտ, գետնի մակերևույթին՝ -5-8 աստիճան ցուրտ:
Արկտիկական ցուրտ հոսանքներից այգիների ցրտահարության ճիշտ պատկերը պարզ կլինի երկու օրվա ընթացքում՝պայմանավորված ջերմաստիճանի բարձրացմամբ:




