Եղիսաբեթ թագուհու պատմական այցը կառավարություն. նախարարների թագավորական նվերը


Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր գահակալության 60 տարիների ընթացքում առաջին անգամ մասնակցել է կառավարության նիստին։ Վարչապետի նստավայրի՝ Դաունինգ սթրիթ թիվ 10- ի դռների մոտ նրան դիմավորել է վարչապետ Դեւիդ Կեմերոնը։
Թագուհին ներկա է եղել կառավարության նիստի միայն մի մասին՝ նստելով վարչապետի աթոռին՝ Կեմերոնի եւ արտգործնախարար Ուլյամ Հեյգի մեջտեղում։ Այնուհետեւ թագուհին դուրս է եկել նախարար Հեյգի ուղեկցությամբ եւ ուղեւորվել հարեւանությամբ գտնվող արտգործնախարարություն, որտեղ եւ նրան մատուցվել է անակնկալը, ինչի մասին «Ռադիոլուրը» հայտնել էր նախօրեին։
Այսուհետ բրիտանական Անտարկտիդայի հարավային շրջանը կանվանվի Եղիսաբեթ թագուհու երկիր։
«Սա մեր հարգանքի հավաստքին է, որով ավարտում ենք Ադամանդե հոբելյանական տարին»,- ասել է արտգործնախարարը։
Բրիտանական Անտարկտիդան իր տարածքով մի քանի անգամ գերազանցում է Միացյալ Թագավորությունը։
Գահակալության 60- ամյակի առթիվ նախարարները նաեւ թագուհուն նվիրել են ափսեի 60 գորգիկ սեղանի դեկորատիվ զարդարման համար։
Թագուհու մասնակցությունը կառավարության նիստին պատմական իրադարձություն է։ Պատմաբանները նշում են, որ վերջին միապետերը, որ մասնացել են կառավարության նիստին, եղել են Գեւորգ Երրորդը 1784 թվականին, եւ Եղիսաբեթի հայրը՝ Գեւորգ Վեցերորդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Որոշ պատմաբաններ նաեւ պնդում են, որ կառավարության նիստին մասնակցել է նաեւ Վիկտորիա թագուհին։