Հասարակություն

Քաղաքական դաշտը նախընտրական փուլում է

karenghazaryan
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նկատել է, թե այլեւս հստակորեն կարելի է արձանագրել, որ քաղաքական դաշտը նախընտրական փուլում է: Սահմանադրական բարեփոխումներից հետո ուրվագծվեցին նոր խաղի կանոններ, եւ քաղաքական ուժերն սկսել են մեծ թափով նախապատրաստվել 2017-ի խորհրդարանական ընտրություններին՝ նշել է վերլուծաբանը: 
ՏՏ ոլորտի փորձագետ Տիգրան Քոչարյանի գնահատմամբ էլ՝ ընտրությունների նոր մոդելի փորձարկումն սպասվում է Հրազդանի եւ Գյումրու ՏԻՄ ընտրություններում: Այս առումով, նրա կարծիքով, դրանք լինելու են ուշադրության կենտրոնում եւ մեծ հատաքրքրություն են առաջացնելու: Փորձագետների դիտարկմամբ՝ մեկ տարի անց կայանալիք խորհրդարանական ընտրությունների լրջությունը բոլորն են հասկանում, եւ գործընթացներին ստիպված են պատասխանատվությամբ մասնակցել նաեւ այն ուժերը, որոնք դեմ են եղել սահմանադրական բարեփոխումներին:

 

Ներքաղաքական կյանքում յուրաքանչյուր քայլ պետք է դիտարկել 2017-ի նախընտրական գործընթացների տիրույթում՝ կարծում է վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա գնահատմամբ՝ սահմանադրական բարեփոխումներով քաղաքական ուժերն ըստ էության սկսեցին դիրքավորվել դաշտում, ոմանք՝ իշխանական, ոմանք՝ ընդդիմադիր, որտեղ, ըստ վերլուծբանի, որոշակի վակուում է առաջացել: Խոսելով այսօր սկսված գործընթացների եւ 2017-ի ընտրություններում հնարավոր դաշինքների ու միավորումների մասին՝ բանախոսը եզրակացրեց, որ գալիք խորհրդարանում մենք զգալի թվով նոր դեմքեր կտեսնենք:

«Ամեն դեպքում, նոր դեմքերը բավականին լուրջ տոկոս կկազմեն, քանի որ նաեւ նոր քաղաքական ուժեր են մասնակցելու: Ընդ որում, այդ քաղաքական ուժերից ոմանք, ես կարծում եմ, այնուամենայնիվ հայտնվելու են խորհրդարանում այս կամ այն ֆորմատում»:

Ելնելով այսօրվա զարգացումներից, քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, որ նոր դեմքեր կլինեն թե՛ նոր քաղաքական ուժերի ու հնարավոր միավորումների,   թե՛ այսօր խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժի՝ Հանրապետականի կազմում: Վերլուծաբանի գնահատմամբ՝ հենց նման գործընթացների տանող միտումներ ինքն այսօր արդեն իսկ տեսնում է այդ կուսակցությունում, ինչի մասին ավելի վաղ ակնարկել է նաեւ կուսակցության եւ երկրի ղեկավարը:

ՏՏ ոլորտի փորձագետ Տիգրան Քոչարյանի գնահատմամբ՝ Հրազդանի եւ Գյումրու ՏԻՄ ընտրություններում, ըստ էության, մենք ականատես կլինենք խորհրդարանական ընտրության փորձարկումների: Նրա խոսքով՝ կարեւոր չէ նաեւ, թե ինչ Ընտրական օրենսգիրք է ընդունվելու: Կարեւոր խնդիր է լինելու, թե արդյո՞ք մասնակից ուժերը կկարողանան իրենց ռեսուրսներով հանձնաժողովներում դիտորդներ ապահովել: Արձագանքելով առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի տեղին ու դերին առնչվող հարցին՝ փորձագետն այսպիսի կարծիքը հայտնեց. «Ցավոք սրտի, ՀԱԿ-ը վերջին մի քանի տարիներին կորցրեց իր ֆունկցիոնալությունը եւ հիմա, իմ կարծիքով, ՀԱԿ-ը ուղղակի հասկանալով, որ շատ հավանական է խորհրդարան չի մտնելու ընդհանրապես, իր ուժերը կենտրոնացնելու է՝  նախկին դաշնակիցների վրա հարձակվելով»:

Թե ով կօգտագործի այդ հանգամանքը՝ առայժմ դժվար է ասել: Տիգրան Քոչարյանի գնահատմամբ, սակայն, ՀԱԿ-ի հարձակումների թիրախում լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ, փորձագետի փորձագետի ձեւակերպմամբ, ՀԱԿ-ում երբեք չեն ներելու Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ ՀԱԿ-ից դուրս եկած մարդն ավելի շատ ռեյտինգ ունի:

Կարդացեք նաև

Back to top button