

Ո՞ր դեպքերում մարդը կարող է ենթարկվել սթրեսի: Ըստ ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանի՝ կան որոշ մասնագիտություններ, որոնք անընդմեջ են ենթարկվում սթրեսի: Մասնագետը խորհուրդ է տվել հարցին մոտենալ գրագետ և խնդիրը նկատելու դեպքում դիմել բժշկական օգնության:
Բժիշկ, ուսուցիչ, մատուցող, լրագրող: Սրանք, ըստ Երևանի Պետական Բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանի, ամենսթրեսային մասնագիտություններն են: Քանի որ լրագրությունն էլ է համարվում սթրեսային մասնագիտություն, հետաքրքվեցինք, թե որ դեպքերում են լրագրողները ենթարկվում սթրեսի: Ըստ բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսորի՝ լրագրողը սթրես է ապրում, երբ նրա աշխատանքը թերագնահատվում է:
Մեզ մոտ չկա շփման կուլտուրա, հավելեց մասնագետը: Գործընկերներս էլ փաստեցին, որ սթրեսային իրավիճակներում լրագրողները կարող են հայտնվել, տարբեր հարցեր բարձրաձայնելիս ոչ համապատասխան լուծում ստանալու դեպքում, հասարակության տարբեր շերտերի կողմից անվայելուչ պահվածքից ու գործունեությանը խոչընդոտելու հետևանքով:
Սովորաբար, ցավն ասոցացվում է ֆիզիկական տկարության կամ մարմնական հիվանդության հետ: Սակայն, ըստ հոգեբան Սոնա Հարությունյանի, վերջին հետազոտությունները պարզել են, որ ցավը կապված է սթրեսի, դեպրեսիայի, տագնապի, ցածր ինքնագնահատականի և հոգեբանական այլ գործոնների հետ: Ցավն ու սթերսը փոխկապակցված են միմյանց հետ: Ըտանիքիում անառողջ մթնոլորտը կարող է բերել ցավի, որն էլ սթրեսի առաջին ազդանշանն է:
Երևանի պետական Բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանն էլ իր հերթին նշեց, որ օրգանիզմում տարբեր ցավեր կարող են լինել, սակայն ամենածանրը՝ նյարդաբանական ցավն է, որը հատուկ է զգաքցմունքային մարդկանց, ինչն էլ կարելի է հաղթահարել համապատասխան մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում: Սակայն կարևոր է, որ այդ ցավն ախտորոշվի ճիշտ, որպեսզի պայքարը տա արդյունքներ: Ցավոք, այսօր մեզ մոտ բժշկությունը դարձել է բիզնես, նշեց բժշկական գիտությունների դոկտորը:
Հետաքրքրական է, որ ցավը, ինչպես և սթրեսը, հնարավոր է կառավարել: Այստեղ առաջնային է դառնում մի կողմից սթրեսի, ցավի, դրանց մեխանիզմների մասին գրագետ տեղեկատվությունը, մյուս կողմից՝ սեփական անձնային առանձնահատկությունների և ռեսուրսների վերհանումը:
Յուրաքանչյուր մարդ յուրովի է հակազդում կյանքի իրադարձություններին, սթրեսներին՝ դրսևորելով իր անհատականությունը, այդպիսին է նաև հոգեբանական գործոնների դերը ցավի առաջացման, հաղթահարման, կառավարման, բուժման գործընթացում: Ըստ հոգեբանի՝ լավատեսության դեպքում մարդը կարող է ճիշտ ընտրել ցավի ու սթրեսի հաղթահարման ուղին և արդյունքում ավելի արագ բուժվել:




