

Ընտրական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամներից կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը համաձայն է այն քննարդատությանը, որ ընտրատեղամասում լրագրողների ու վստահված անձանց քանակը 8-ով սահմանափակելը լավագույն լուծումը չէ: Հարությունյանն անգամ դրույթը կոպիտ սահամանփակում է որակել ու բացատրել, թե ինչու են հեղինակները գնացել այս ճանապարհով: Պարզաբանումը հնչել է նախագծի հանրային քննարկման ժամանակ ի պատասխան ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկման, թե լրատվամիջոցների գործունեության կարգավորումների մասով նախագիծն ակնհայտ հետքայլ է արձանագրել գործող օրենսգրքի համեմատությամբ:
«Ո՞վ է որոշելու, թե որ լրատվամիջոցը կարող է ներկա լինել, ինչ է՝ ընտրական հանձնաժողովի նախագահը Դունյա Միատովի՞չն է լինելու, որ որոշի: Հացի հե՞րթ է, ինչ է, որ ով առաջինը գա գրանցվի, առաջնահերթությունը տրվի նրան», -հարցրել է Նաիրա Զոհրաբյանը:
Իհարկե լավագույն լուծումը չէ՝ համաձայնել է Հարությունյանը և պարզաբանել. «Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ թեկնածուներ ընտրատեղամասեր են ուղարկում իրենց վստահված անձանց, որոնք գալիս են որպես դիտորդ ու ԶԼՄ ներկայացուցիչ: Մենք արհեստական սահմանափակում ենք դրել, սակայն ցանկացած ողջամիտ մեխանիզմ պատրաստ ենք քննարկել, միայն այնպես, որ ընտրատեղամասում խառնաշփոթ չառաջանա»:




