

Մարտի 8-ի առթիվ «Հայելի» մամուլի ակումբը այսօր համախմբել էր հասարակական-քաղաքական գործիչ կանանց, որն աննկատ չմնաց հրապարակախոս, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի ուշադրությունից. «Միայն կինը կարող է կնոջը այս տոն օրով աշխատանքի բերել»: Իսկ արդեն ասուլիսում նրանք գովեցին կնոջը` ,չնսեմացնելով տղամարդու դերակատարումը:
«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավորներ Լարիսա Ալավերդյանն ու Անահիտ Բախշյանը ասուլիսի սրահում: Ողջագորվում են , միմյանց շնորհավորում ու անցնում լրագրողների հարցերին: Լարիսա Ալավերդյանի համար ոչ միայն մարտի 8-ը , այլև կյանքն է տոն: Ասում ,է որ այսօր պայքարող կնոջ տոնն է: Բայց շեշտում՝ կնոջ ակտիվությունը պետք է լինի հասցեական ու առավել նպատակային:

Սակայն Անահիտ Բախշյանը չի համաձայնվում նախկին խորհրդարանական գործընկերոջ հետ։ Աասում է, որ կինը ամեն օր էլ պայքարում է: Բախշյանը երբեք չի սիրել մարտի 8-ը՝ առավել ցանկալի տոն ապրիլի 7 –ն է:
Քաղաքական գործիչները համակարծիք էին, որ կինն Աստծո ընծա է, սակայն որոշ տղամարդիկ շահագործում են նրան, ձեռք բարձրացնում կամ հարձակվում ֆիզիկապես թույլ էակի վրա: Կնոջ ուժն այլ տեղ է, ոչ՝ ֆիզիկական հարթությունում, տղամարդկանց սթափեցնող կոչով են դիմում բանախոսները:

Լրագրող Կարմեն Դավթյան էլ նշում է , որ այսօր Ափրոդիտե կանանց ժամանակաշրջանն է՝ գեղեցիկ, սեքսուալ: Հերա կնոջ վիճակն ավելի դժվար է դարձել, բայց հասարակության խորքում իրենք են կանգնած:Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ հավելում է,որ տոնը ամեն կնոջ մեջ պետք է լինի:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նախ խոսում է կանանց-տղամարդկանց իրավահավասարության մասին, ասում է, որ այն նման է ապակյա առաստաղի, որի վրա հարվածները նույնքան ամուր են, որքան բետոնե առաստաղինը: Իսկ հայ կինը, ըստ քաղաքական գործչի, անկախությունից հետո դասվեց պատերազմը շահած կանանց շարքին:




