Հասարակություն

Արդյո՞ք աշխատավայրում կանայք խտրական վերաբերմունքի են արժանանում

arminegevorgyan

Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ կանանց և տղամարդկանց աշխատավարձի չափը հավասար կամ գոնե իրար մոտ լինի։ Սա պարզ է դարձել նախորդ տարվանից մինչև այս տարվա սկիզբ անկախ փորձագետ Նվարդ Մանասյանի կողմից իրականացված հետազոտության արդյունքում։ Այն իրականցվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ։ «Մեր երկրում կանանց միջին ամսական աշխատավարձը տնտեսության բոլոր հատվածներում զիջում է տղամարդկանց միջինին»,- նշում է տիկին Մանասյանը։ Ճեղքվածքը կազմում է 35,9 տոկոս։ Մինչդեռ՝ ԵՄ երկրներում ճեղքվածքը 15,9 տոկոս է, իսկ աշխարհի միջինացված ցուցանիշը՝ 22,9 տոկոս։  Ինչպիսի խտրական վերաբերմունքի են հանդիպում կանայք աշխատավայրում։

 

Երեւանաբնակ Աստղիկ Խոնդկարյանը  հումորով նկատում է, աշխատում է նախորդ դարից՝ 1970 –ական թթ  և գրեթե առանց ընդմիջումների: Չի հիշում դեպք, երբ գործատուն նույն կատարվող աշխատանքի դիմաց իրեն ավելի քիչ վարձատրի, քան՝ արական  սեռի ներկայացուցչին:

Տպագրության ոլորտում աշխատող Կարիեն էլ խտրական վերաբերմունքի չի արժանացել՝ աշխատավարձի չափի հետ կապված: Համաձայն չէ, որ կանայք ավելի քիչ են ներգրավված աշխատանքում, քան՝ տղամարդիկ: «Հայաստանում կանայք ավելի շուտ են աշխատանք գտնում ,քան՝ տղամարդիկ»,- ասում է։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրության» արդյունքները, նշելով, որ Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ կանայք ստանան ավելի բարձր աշխատավարձ, քան` տղամարդիկ:

Փորձագետ Նվարդ Մանասյանն ասում է ,որ կանայք առավել շատ ներգրաված են աշխատանքի ոչ մրցունակ ոլորտներում, հիմնականում աշխատում են ցածր վարձատրվող կառույցներում:  Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատավարձ առավել քան բարձր է, բայց կանանց ներգրավածությունը  շատ քիչ է: «Ըստ վիճակագրության՝ բարձրագույն պաշտոններում 90 տոկոսը տղամարդիկ են, որոշումների կայացման մակարդակում՝ բաժնի պետեր, վարչության պետեր և այլն, դարձյալ տղամարդկանց ներկայացվածությունը բարձր է՝ 60 տոկոսից ավելին: Բայց որքան էլ կանայք որոշակի վարձատրվող ոլորտներում են կենտրոնացած, այդուհանդերձ լինելով այդտեղ՝ նրանք երբեք չեն կարողանում որոշումների կայացման մակարդակում ներկայացված լինել»,- ասում է։

Ներկայացված ուսումնասիրության  համաձայն՝ գործատուները նաև խտրական վերաբերմունք   են ցուցաբերում այն կանանց նկատմամբ, ովքեր ամուսնացած են ու երեխաներ ունեն: Նրանք  հաճախ են խուսափում նման կանանց աշխատանքի ընդունել: Իհարկե՝ երբեք բացահայտ չեն հայտարար դրա մասին,բայց չընդունելու   հիմքում հենց դա է լինում: Մեր զրուցակից  Աննա Գրիգորյանը արդեն մի  քանի տարի աշխատանք  է փնտրում և չի գտնում:Երկրորդ երեխայի ծնվելուց հետո նախկին աշխատավայր չի վերադարձել, որոշել է  փոխել  աշխատանքի  ոլորտը,բայց նրա ջանքերը առայժմ ապարդյուն են անցնում: Պատճառը երեխաներն են:

Եթե այլ երկներում բարձրագույն կրթություն  ստացողների գերակշիռ մասը տղամարդիկ   են, ապա  Հյաստանում լրիվ հակառակն է :ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանում կանանց 57 տոկոսն է ստանում բարձրագույն կրթություն, իսկ տղամարդկանց՝ 38 տոկոսը:

 

Կարդացեք նաև

Back to top button