

Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավ. Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքից պահպանված ճակատային մասին կից կառույցի քանդմանն ու նոր համալիրի կառուցմանն են այսօր անդրադարձել կառուցապատող ընկերության տնօրենն ու նախագծի գլխավոր ճարտարապետը: Ներկայացնելով շենքին սպասվող ճակատագիրը՝ կառուցապատող ընկերության տնօրեն Զորիկ Բալայանը հավաստիացրել է, որ նոր համալիրը ոչ թե կառուցվելու է հուշարձանի հաշվին, ինչպես շատերն ահազանգում են, այլ միայն ընդգծելու է 1896 թվականին կառուցված հուշարձանը:
Պարզվում է, ոչ ոք էլ չէր պատրաստվում քանդել 19-րդ դարի հուշարձանը: Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավ. Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքից պահպանված ճակատային մասին կից կառույցի ապամոնտաժումը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ շատերը կարծում էին, որ քանդվում է շենքի` հուշարձան համարվող ճակատային մասը:
Իրականում նոր համալիրը ոչ թե կառուցվելու է հուշարձանի հաշվին, ինչպես շատերն ահազանգում են, այլ միայն ընդգծելու է 1896 թվականին կառուցված հուշարձանը, անդրադառնալով հուշարձանի ճակատագրին, նշեց կառուցապատող ընկերության տնօրեն Զորիկ Բալայանը:
Բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի նախագծի գլխավոր ճարտարապետ Իսահակ Ներսիսյանը նշեց, որ կցակառույց պատը քանդելը հուշարձանի շահերից է բխում, քանի որ այդկերպ հուշարձանը կորցնում է իր ամբողջական տեսքը: Նկատելով, որ տվյալ տարածքը տարիների ընթացքում բազմաթիվ վերակառուցումների է ենթարկվել, ճարտարապետը նշեց, որ հողատարածքը բավականին բարդ է կառուցապատման համար, ուստի պետք է այնպես անեն, որ հուշարձանը չխեղճանա ընդհանուր կառույցի մեջ:
Որքան էլ կառուցապատող ընկերության տնօրենն ու նախագծի գլխավոր ճարտարապետը պնդեն, որ նոր համալիրի կառուցումը չի վնասում պատմական հուշարձանի պահպանմանը, հանրության մի հոծ զանգված, այդ թվում մի շարք ճարտարապետներ, դեռ մնում են այն կարծիքին, որ քանդվում է 19-րդ դարից մնացած շատ կարևոր մի հուշարձան:
Նոր համալիրի կառուցապատմանը դեմ է նաև ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ով «Ռադիոլուրի» հետ զրույցում կրկնեց իր տեսակետը։
Հիշեցնենք, որ նախագծին դեմ է արտահայտվել նաև 1980-ականներին գրադարանի շենքի վերականգնման ճարտարապետ Բորիս Քոչարյանը, ով պնդում է, որ 80-ականերին այդտեղ նոր բան չի կառուցվել, ինչպես ասում են կառուցապատող ընկերության ներկայացուցիչները: 80-ականներին իրենք ընդամենը վերականգնել և ամրացրել են հին շենքը, որն այսօր փորձում են ապամոնտաժել:




