

Երեւանում այսօր տեղի է ունեցել խորհրդաժողով, որի ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ու դրանց հեռանկարներին եւ մարտահրավերներին առնչվող հարցեր: Խորհրդաժողովը կազմակերպել են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտն ու Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը՝ Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գրասենյակի և Հայաստանում Լեհաստանի դեսպանատան գործընկերությամբ: Նման քննարկման կազմակերպումը հատկապես կարեւորվել է ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովին ընդառաջ:
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները շատերի կողմից գնահատվել են որպես բացառիկ, քանի որ, լինելով կոլեկտիվ անվտանգության մեկ այլ համակարգի անդամ, Հայաստանը շարունակում է արդյունավետ համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը նկատեց.
«Անցած տասնամյակի ընթացքում եղել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ տարբեր գործոններ, որոնք, տարածաշրջանային զարգացումների եւ այլ առումներով, ազդել են այդ հարաբերությունների վրա, բայց ի ուրախություն մեզ բոլորիս, Հայաստանի Հանրապետության համար անվտանգության տեսանկյունից առանցքային այս ուղղությամբ մեր հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ: Հուսանք, որ այդ համագործակցությունը երկուստեք արժեք կլինի»:
Ստեղծվել են համագործակցության տարբեր ծրագրեր եւ ցանկություն եւ երկուստեք շահագրգռություն կա դրանք շարունակելու՝ իր խոսքում շեշտեց քննարկման համակազմակերպիչներից՝ Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
«Համագործակցության դեռեւս լայն հնարավորություներ կան եւ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է համապատասխան աջակցություն տրամադրել՝ բազմակողմանի հարաբերություններ զարգացնելու համար: Պարտադիր չէ, որ համագործակցությունը լինի ռազմական առումով, քանի որ այս ալյանսը միայն անվտանգության կազմակերպություն չէ, այլ՝ արժեքների մի համայնք: Ես համոզված եմ, որ համագործակցության խորացումը Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ շարունակվելու է, քանի որ շահերը Հայաստանին կապում են ժողովրդավարական երկրներին»:
92 թվականից ի վեր Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցրել քաղաքական երկխոսությունը՝ իր խոսքում նշեց մեր երկրի արտգործնախարարության ՆԱՏՕ-ի բաժնի պետ Գագիկ Հովհաննիսյանը: Նա նաեւ բավականին մանրամասն ներկայացրեց իրականացված եւ իրականացվող համատեղ ծրագրերը՝ կարեւոր համարվող տարբեր ուղղություններում:
Խոսելով ՆԱՏՕ-Հարավային Կովկաս եւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առանձնահատկությունների մասին՝ Դաշինքի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատու Շտեֆեն Էլգերսման կարծիք հայտնեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ կան:
ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում նկատվում է հետընթաց: Ինչպես հյուսիսատլանտյան դաշինքի, այնպես էլ հայաստանցի փորձագետները մտավախություն ունեն, որ դա կարող է հանգեցնել սառը պատերազմի: Աշխատանքներ տարվում են, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակվեն՝ շեշտեց Դաշինքի Հարավային Կովկասի պատասխանատուն: Նա նշեց նաեւ, թե կողմնակից են կոլեկտիվ անվտանգության հայեցակարգին. համագործակցություն օդում, ծովում եւ ցամաքում՝ բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ համարում են, որ իրենց դաշնակիցները գտնվում են խոցելի վիճակում: Այստեղ ակնարկը հասկանալիորեն Թուրքիային էր առնչվում: Հայաստանցի փորձագետներից Դավիթ Շահնազարյանն էլ, զարգացումների առնչությամբ մտահոգություն հայտնելով, հռետորական հարցադրում կատարեց՝ արդյո՞ք Հայաստանը Թուրքիայի համար չի դառնա թիրախ՝ ռուս-թուրքական առճակատման խորացման դեպքում:




