Հասարակություն

Հանրային ռադիոյի աշխատակից Գոհար Մարտիկյանը՝ «Հայկյան»-ի հատուկ մրցանակակիր

karenghazaryan
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» մրցանակաբաշխությանը: Ամենամյա դարձած «Հայկյան» մրցանակաբաշխության նպատակը որոշակի հաջողությունների հասած երիտասարդական կազմակերպություններին, երիտասարդ քաղաքացիներին խրախուսելն է:

«Հայկյան» մրցանակաբաշխությունն արդեն ունի 15 տարվա պատմություն. այն հիմնադրվել է 2001 թվականին։ Մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել և խրախուսել շնորհալի երիտասարդներին, ոլորտի ակտիվ, ստեղծագործ կառույցներին, աջակցել երիտասարդների հասարակական ներուժի իրացմանն ու զարգացմանը։ Մրցանակաբաշխության հիմնադիր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի խոսքով՝ «Հայկյան» մրցանակաբաշխությունը երիտասարդության շրջանում աշխատանքը գնահատելու բացառիկ միջոցառումներից է։

«15 տարիների ընթացքում մենք տեսանք, թե երիտասարդական դաշտը ինչպիսի զարգացում ապրեց: Շատ խնդիրներ, որոնք դրված էին այն ժամանակվա երիտասարդների առջեւ, այսօր իրենց լուծումները գտել են: Շատ երիտասարդներ, ովքեր արժանանում են «Հայկյան» մրցանակին, դրանք այն երիտասարդական կազմակերպություններն են, ուսանողական կազմակերպությունները, անհատները, ովքեր կարողանում են իրենց աշխատանքով առանձնանալ: Մենք ուզում ենք, որ այդ աշխատանքը բարձրաձայնվի, այդ աշխատանքի մասին իմանան բոլորը, քանի որ այդ մարդիկ միայն իրենց համար չեն աշխատում»:

Կարեն Ավագյանի փոխանցմամբ՝ բավականին ակտիվ են երիտասարդական, ուսանողական կազմակերպությունները: Սակայն, նրա գնահատմամբ, մարզային հասարակական կազմակերպությունների առումով ինչ-որ չափով պասիվություն կա՝ տարբեր պատճառներով: Հիմնադրամը ուշադրություն է դարձնում նաեւ նրանց ակտիվացնելու խնդրին:

«Մեզ դիմում են միայն այն կազմակերպությունները, որոնց իրականացրած ծրագրերը արժանի են մրցանակի: Այն կազմակերպությունները, որոնք ուղղակի իրենց գործն են արել, կներեք, դա իրենց գործն է եւ դրա համար մրցանակ չեն ստանում: Մրցանակ ստանում են այն կազմակերպությունները, որոնք իրենց գործից ավել գործ են արել»:

8 անվանակարգերում ու 9 հատուկ մրցանակների հաղթող ճանաչվածները բոլորն էլ լավն են: Որեւէ մեկին առանձնացնելը Կարեն Ավագյանը գեղեցիկ չհամարեց: Ընդգծեց, սակայն, «Հայրենիքի դարպասներ» կազմակերպության անունը, որը աշխատանքներ է իրականացնում սահմանամերձ համայնքներում: Կազմակերպության հիմնադիր նախագահ Արման Հայրապետյանն ասաց, թե իրական խնդիրները կարելի է հասկանալ՝ մեկ անգամ լինելով սահմանամերձ բնակավայրում:

Մրցանակաբաշխության կազմակերպիչները խոստովանում են, որ կան շատ կազմակերպություններ, որոնք հայտնի են անունով, սակայն, նրանց կատարած աշխատանքները քիչ են: Մինչդեռ, կա նաեւ հակառակ իրավիճակը՝ մեծ գործ անող, բայց ոչ այդքան հայտնի: Հենց նրանց հայտնի դարձնելու խնդիր է նաեւ լուծում ամենամյա «Հայկյան» մրցանակաբաշխությունը: Այս մրցանակաբաշխության շրջանակներում խրախուսվում են նաեւ  սովորողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի բովանդակությամբ։ Էդգար Վարդանյանը ամենաերիտասարդ մրցանակակիրն էր: Ֆիզմաթ դպրոցի աշակերտը 8 մեդալ է բերել միջազգային օլիմպիադաներից, երեքը՝ ոսկե:

Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել էին նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին՝ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությունը եւ  հետագա նորանոր հաջողություններ մաղթեց:

Հատուկ մրցանակ շնորհվեց նաեւ հանրային ռադիոյի մեր ավագ գործընկեր Գոհար Մարտիկյանին՝ «Ապրելու բանաձեւ» ռազմահայրենասիրական մատենաշար-ծրագրի համար:

Կարդացեք նաև

Back to top button