
Թեհրանն ու Թբիլիսին համաձայնեցում են գազի արտահանվան ուղիները, որոնք, ըստ էության երկուսն են՝ կամ Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով: Թեհրանում նախօրեին բանակցություններ են կայացել իրանական նավթի արտահանման, ինչպես նաև էներգետիկ բնակավառի այլ ճյուղերում համագործակցության շուրջ:
Պաշտոնական այցով Իրանում է Վրաստանի փոխվարչապետ և Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Իրանից Վրաստան 200 մլն խմ գազի ներկրելու շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի միջև։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին խոսելով բանակցությունների մասին հայտնել է, որ վրացական պետական և մասնավոր հատվածի ձեռնարկությունները շահագրգռված են գազ ձեռք բերել Իրանից: Ակնկալվում է, որ գազի առաքումները Վրաստան կսկսվեն հաջորդ իրանական տարում, որը սկսվում է մարտի 21-ին:
Ըստ նրա՝ առաջին պայմանագիրը կկնքվի 7 ամսով և հիմք կհանդիսանա այդ ոլորտում հետագա հնարավոր համագործակցության համար: «Վրաստանը դեռ պետք է ստանա Հայաստանի թույլտվությունը` իր տարածքով գազի տարանցման համար… Եթե գործարքի տնտեսական նպատակահարմությունը հաստատվի, ապա հետագայում կարելի է արդեն խոսել նաև դեպի Վրաստան գազի առաքման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին»,-ասել է ընկերության տնօրենը։
Նշենք, որ Վրաստանն արդեն մի քանի ամիս է, ինչ բարձրացրել է երկրի էներգակիրների ներմուծման դիվերսիֆիկացման հարցը: Անցյալ տարեվերջին Թբիլիսին հայտարարել էր, որ մտադիր է գազ ստանալ նաև Իրանից:
Այսօր Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից: Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար:Սակայն «Գազպրոմը» փորձում է պարտադրել Թբիլիսիին գազի տարանցման համար վճարել ոչ թե կապույտ վառելիքով, այլ՝ գումարով։




