
Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակում իրականացնելու գործով ձերբակալվել է 15 մարդ, որոնցից 12- ը կանայք են: Այս մասին տեղեկացնում է «Agos» պարբերականը: Ընթացող հետաքննության շրջանակում ձերբակալվածները հարցաքննվել են: Հանրապետական դատախազությունում հարցաքննությունից հետո դատարանը որոշում է կայացրել ձերբակալվածներից երեքին՝ Արթուր Ա.ին, Արամ Է.ին և Սերգեյ Բ.ին կալանավորելու վերաբերյալ: 12 կանայք դատական վերահսկողության պայմանով ազատ են արձակվել:
Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85 ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79 ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել և տանից վերցրել թանկարժեք իրեր ու գումար: Կատարվածի մասին ահազանգել էր տան աշխատողը, ով հերթական անգամ եկել էր պոլսահայ զույգի տուն, սակայն դուռը նրա առջև ոչ ոք չէր բացել: Հակոբ Դեմիրջին մահացել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:




