
Ամերիկյան հետազոտական Heritage Foundation ինստիտուտը հրապարակել է«Տնտեսական ազատության ինդեքսն աշխարհում» վարկանշային աղյուսակը:
Վարկանիշը կազմողները հաշվի են առնում տնտեսական ազատության մակարդակը՝ 10 չափորոշիչների հիման վրա, որոնց թվում են սեփականության իրավունքի երաշխիքը, կոռուպցիայից զերծ լինելը, պետական ծախսերի արդյունավետությունն ու թափանցիկությունը, առևտրի ազատությունն ու աշխատանքի շուկայի ճկունությունը, ներդրումների ազատությունը։
Երկրները բաժանվել են 5 խմբի՝ ազատ, առավելապես ազատ, չափավոր ազատ, առավելապես ոչ ազատ և ոչ ազատ։
Հայաստանի տնտեսությունը ճանաչվել է չափավոր ազատ. Հայաստանը 54-րդ տեղում է (67 բալ)՝ արձանագրելով 0.1 բալի անկում։
Նախորդ տարի Հայաստանը հավաքել էր 67,1 միավոր՝ զբաղեցնելով 52-րդ տեղը։
Վրաստանը հայտնվել է 23-րդ տեղում՝ 72.6 միավորով, Ադրբեջանը՝ 91-րդ տեղում՝ 60.2 միավորով։ Թուրքիան ցանկում հայտնվել է 79-րդ տեղում, Իրանը՝ 171-րդ տեղում, իսկ Ռուսաստանը զիջել է դիրքերը 10 կետով՝ հասնելով 153-րդ հորիզոնականին։
Ամենաազատ տնտեսություններով երկրներ են ճանաչվել, ինչպես և մեկ տարի առաջ, Հոնկոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան, իսկ ոչ ազատ՝ Վենեսուելան, Կուբան և ԿԺԴՀ-ն։ ԱՄՆ-ն ցանկում զբաղեցրել է 11-րդ տեղը, իսկ Չինաստանը՝ 144-րդ:




