

Ինչ է սպասվում հայաստանյան բանկային համակարգին Կենտրոնական բանկի այն որոշումից հետո, որով բանկերի նվազագույն կապիտալը միանգամից 6 անգամ բարձրացման պահանջ է դրվում: Որքանով են հիմնավոր երկրի գլխավոր դրամատան պարզաբանումները, թե կնպաստի բանկերի ավելի հասանելի և որակյալ ծառայությունների մատուցմանը և առողջ մրցունակ միջավայրի ձևավորմանը։ Մյուս կողմից` որքանով են հիմնավոր դիտակումները, թե մի շարք դեպքերում կլինի բանկերի միաձուլում, կլանում, կստեղծվի ոչ մրցունակ միջավայր բանկային համակարգում: Տնտեսական ոլորտի մասնագետների հետ զրույցում այս հարցերի պատասխանները փնտրել է «Ռադիոլուրը»։
Հայաստանում բանկերի միաձուլումը սկսվել է: Որոշ տնտեսագետների մտահոգող, շատերին էլ նպատակահարմար թվացող այս գործընթացի առաջին արդյունքների մասին հայտարարում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
ՀՀ-ում բանկերի միավորումն իր դրական արդյունքներն արդեն տալիս է, վստահ է գլխավոր դրամատան ղեկավարը` հիմնավորելով, որ նախորդ ու այս տարվա ընթացքում ֆինանսական ոլորտում ներդրումներն արդեն անցնում են 150 մլն եվրոյից: Ջավադյանը դժվարանում է կանխատեսել` այս տարեվերջին քանի բանկ կունենանք, բայց 21-ը հաստատ այլեւս չենք ունենա:
Մեկ միաձուլում արդեն սկսվել է, երկրորդն ընթացքի մեջ է, տեղեկացնում է ԿԲ ղեկավարը` առանց անուններ նշելու: «Վստահ եմ, որ կլինեն նոր միաձուլումներ: Բայց կարևորն այն է, որ այս ամենը դրական կանդրադառնա մեր բանկային սեկտորի վրա: Դա առաջին հերթին լինելու է բանկային, ֆինանսական ծառայությունների սպառողների օգուտը»։
2014թ-ի վերջին ԿԲ-ն որոշեց բանկերի ընդհանուր նվազագույն կապիտալի չափը միանգամից 6 անգամ բարձրացնել՝ 5 մլրդ-ից հասցնելով 30 մլրդ դրամի: Ակնկալվում է, որ սա կբարձրացնի բանկային համակարգի` տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակությունը, կնպաստի ֆինանսական միջնորդության խորացմանը: Հայաստանյան 21 բանկերից ընդամենը շուրջ 1 տասնյակն ունի նվազագույն կապիտալի բարձրացման ռեսուրս: Ուստի որոշ տնտեսագետներ այս որոշումը համարում են բանկերի միաձուլման կամ խոշորների կողմից մանր բանկերի կլանման ամենաուղիղ ճանապարհը: Կարծիք կա, որ հնարավոր ճգնաժամի դեպքում ավելի մեծ ռիսկի տակ են դրվում ֆինանսական ավելի խոշոր կառույցները:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը հակառակ դիտարկմանն է, «Ընդհակառակը, սրանով բանկային համակարգում ռիսկերը կկրճատվեն: Տարեցտարի տնտեսության պասիվացմանը զուգահեռ բանկերում էլ է պասիվացում նկատվում ու առաջիկա տարիներին կնկատվի: Բայց երկարաժամկետ հատվածում խոշոր կապիտալով բանկերն առավել վստահելի կլինեն հասարակության կողմից»:
Արդյոք նշված որոշումը հիմք չէ, որ ավելի խոշոր բանկերը կլանեն ավելի փոքրերին, որոնք ռիսկի գոտում են: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Մեսրոպ Առաքելյանը նախ շեշտում է` Կենտրոնական բանկը 2 տարի է տվել, ու դա բանկերի համար բավարար ժամանակ է` որոշման կատարմանը պատրաստվելու, ֆինանսական միջոցներ ներգրավելու համար: «Հայաստանում գործող ամեն բանկ իրավունք ունի այս ժամանակահատվածում ներդրողների կողմից ավելացնել իր կապիտալն ու դրանով շա րունակել իր գործունեությունը: Այսինքն` դրանով որեւէ բանկի փակման, գործունեության դադարեցման նպատակ այս որոշումն, իհարկե, չի հետապնդում»,- ասում է:
Առաքելյանն այն համոզմանն է, որ Կենտրոնական բանկն, իրոք, այդպիսով առաջին հերթին ռիսկերի նվազեցման նպատակ ունի: Բանկերի կապիտալի ավելացման պահանջները նախ բխում են բանկերի հետ առնչվող քաղաքացու շահերից, ասում է: «Թողնել, որ մի փոքր բանկ ինչ-որ ֆինանսական խնդիրներ ունենա, ու դրա հետեւանքով տուժեն մի քանի հարյուր հազար քաղաքացիներ, կարծում եմ, պակաս նպատակահարմար է, քան որոշ պահանջների խստացումը»:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն իր հերթին նկատում է` բանկային հատվածն, ընդհանրապես, տնտեսության ամենաբարդ տիրույթն է` իր մեծ ռիսկերով: Բնական է, որ հայաստանյան ոչ բոլոր բանկերը կարող են լրացնել այդ գումարը: Բոստանջյանի կանխատեսմամբ` մոտ 7 բանկ կմիաձուլվի այլ բանկերի հետ` սահմանված չափանիշին համապատասխանելու համար: Բայց սա չի մտահոգում «Ռադիոլուր»-ի զրուցակցին: 14-15 բանկը լիովին բավական է մեզ, ասում է: Մրցակցությունը դրանից հաստատ չի տուժի:
Խոշոր բանկերն առավել լուրջ հնարավորություն են ունենում` առավելու խոշոր ռիսկեր կառավարելու հնարավորությամբ: «Միայն այն հանգամանքը, որ մոսկովյան միջին բանկն ավելի շատ ակտիվներ ու շրջանառության միջոց ունի, քան ՀՀ բոլոր բանկերը միասին, արդեն ցույց է տալիս, որ մեզ բավարար են ավելի փոքր թվով բանկերը»:
Վարդան Բոստանջյանն մատնանշում է, որ այս դեպքում տնտեսության մեջ գուցե որոշ ռիսկեր ավելանան` փոքր բանկերի կրճատման առումով, բայց ֆինանսական համակարգում ռիսկերը, վստահաբար, կնվազեն:




