


«Հայաստան-Իրան բանակցություներից Ռուսաստանն այնքան հրճվանք չի ապրի»,- կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ու հավելում՝ «մեր երկիրը հարևան Իրանի հետ պետք է ոսկերչական դիվանագիտություն վարի»: Տնտեսագետի, ու ոչ միայն, ակնկալիքները Իրանի պատժամիջոցների վերացումից մեծ են, հարևան երկրի 80 միլիոնանոց շուկան հեռանկարային է հայ տնտեսվարողների համար: Սակայն, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանի վստահեցմամբ, այդ հետաքրքրությունը փոխադարձ է: Հայաստանով էլ իրանցի գործարարներն են հետաքրքրված: Հիշեցնենք, որ նման հեռանկարային խոստումներ հնչում էին նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս, սակայն, Ռուսաստանն այժմ խորը ճգնաժամի մեջ է հայտնվել, հայ գործարարների համար էլ, մեղմ ասած, լավ ժամանակներ չեն: Արտահանողներին աջակցելու նպատակով մեր երկրում արտահանման աջակցման խորհուրդ է ստեղծվել: Կառույցի աշխատանքների արդյունավետության համար, սակայն, ժամանակ է պետք: «Ռադիոլուր»-ը, թեմատիկ անդրադարձով, փորձել է ստանալ թեմային առնչվող մի շարք հարցերի պատասխաններ:




