
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Թեհրանում ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Պարսից ծոց- Սև ծով միջանցքի ստեղծման վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես, բանակցություններ են ընթացել Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման շուրջ:
Գագիկ Բեգլարյանը հանդիպումից հետո նշել է, որ հայ և իրանցի փորձագետների համագործակցության շնորհիվ այդ հարցում հնարավոր է դրական արդյունքներ գրանցել։ «ՀՀ-ում կառուցում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանող Իրանից Վրաստան տանող մայրուղի: Հույս ունենք, որ մինչև 2018 թ. շահագործման
կհանձնենք Երևան-Վրաստան հատվածը: Հայաստանի տարածքով երկու երկրների միջև ճանապարհային ապրանքափոխանակումների համար ստորագրելու ենք համաձայնագիր, ինչը կնպաստի իրանական արտադրանքը Սև ծով հասցնելուն»,- ասել է նախարար Բեգլարյանը։




