ՀասարակությունՑեղասպանություն 100

Ռուսական եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում անփոփոխ է.Համայն Ռուսիո պատրիարքի մամուլի քարտուղարի պարզաբանումը

«Ռուսական եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է Մոսկվայի և Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում: Ռուսական եկեղեցու դիրքորոշումն  անփոփոխ է»:  Այս մասին ասված  է Կիրիլ Պատրիարքի մամուլի քարտուղար Ալեքսանդր քահանա Վոլկովի մեկնաբանությունում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատրիարք Կիրիլը խոսել է Սիրիայում և Իրաքում վերջին տարիներին տիրող քրիստոնյաների սարսափելի և աննախադեպ  իրավիճակի մասին: Այս համատեքստում Վեհափառ Հայրապետը  որպես օրինակ հիշատակել է Օսմանյան կայսրության պատմությունը, որտեղ այնպիսի ժամանակաշրջաններ են եղել, երբ մտցված կարգուկանոնն  ապահովել է հարաբերական անվտանգություն և կայունություն կրոնական փոքրամասնությունների կյանքում:  Մշտապես նմանօրինակ կարգուկանոնի բացակայությունը, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբիայում բերում է իրադարձությունների ողբերգական զարգացմանը:

Հենց այդ պատճառով էլ  մենք ժամանակակից իրադարձություններն անվանում ենք ցեղասպանություն: Մեր եկեղեցու դիրքորոշումը Հայոց  ցեղասպանության  հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է Պատրիարքի բազմաթիվ պաշտոնական  հայտարարություններում և ուղերձներում:

Մեր դիրքորոշման վառ ապացույցն է Ռուս Ուղղափառ եկեղեցու մասնակցությունը ամենաբարձր մակարդակով Հայ Առաքելական եկեղեցու կյանքի կարևոր իրադարձություններին, Նորին Սրբության մասնակցությունը Մոսկվայում հայկական տաճարի օծմանը, ռուսական եկեղեցու պատվիրակության այցը Երևան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություններին մասնակցելու համար: Ռուսական եկեղեցու դիրքորոշումն  անփոփոխ է, մենք մշտապես բաց, հրապարակավ պաշտպանել ենք և կշարունակենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջտարածաշրջանային հարթակներում», — ասված է մեկնաբանությունում։

Հիշեցնենք, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ ծննդյան հարցազրույցում խոսել է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, քրիստոնյաների կոտորածներից։ Նա զուգահեռներ է տարել ներկայիս իրավիճակի եւ պատմության միջեւ։

«Քրիստոնյաների ու մահմեդականների հարաբերությունները պատմության ընթացքում անամպ չեն եղել: Եղել են բռնի իսլամացման դեպքեր, քրիստոնեական տարածքների զավթում, օրինակ՝ Բյուզանդիայում, սակայն եթե միայն մարտական գործողությունները մի կողմ դնենք, որոնք միշտ ուղեկցվել են երկու կողմերից էլ զոհերով, ապա այնպիսի բան, որն այսօր տեղի է ունենում աշխարհում, իսլամական աշխարհում չի եղել: Վերցնենք Օսմանյան կայսրության օրինակը։ Այո, այնտեղ ապրում էին քրիստոնյա փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չէր ոչնչացնում»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button