ԿարևորՀասարակություն

Էքմեքչյանի սխրանքն ու նրան նվիրված «Գիշերային ռեքվիեմը»

lenabadeyan

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի հասարակության ուշադրության կենտրոնում են հայտնվել 34 տարվա վաղեմության իրադարձություններն ու այդ իրադարձության առանցքային մասնակիցներից մեկը: Հունվարի 4-ին Անկարայից Ֆրանսիա է տեղափոխվել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ- ի՝ ԱՍԱԼԱ-ի զինվոր Լեւոն Էքմեքչյանի աճյունը: Այսօր նաեւ այստեղ են քննարկում հայազգի հերոսի աճյունի մի հատվածը Հայաստան տեղափոխելու տարբերակը:

 

1975 թվականին ստեղված ԱՍԱԼԱ-ն իր պատմության ընթացքում տարբեր գործողություններ է իրականացրել 20-ից ավելի պետություններում եւ ընդհանուր առմամբ ունեցել է 39 նահատակ: Նրանցից մեկն էլ Լեւոն Էքմեքչյանն է, ով 25 տարեկանում Թուրքիայում բարձրացվեց կախաղան:

33 տարի շարունակ այս հայորդու գերեզմանը Թուրքիայում չուներ ոչ շիրմաքար, ոչ էլ՝ խաչ: Համարակալված էր.«300-չգիտեմորերոդներ»,- ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Գիշերային ռեքվիեմ

…Կ՚ անձրեւէ, տղաս… աշունը թաց է,
Ուրկից հայտնվեց կախաղանը այս.
Գիշերը ամբողջ աչքերս բաց են,
Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս:

Անխռով անցավ մեր ողջ ցերեկը,
Մինչ այնտեղ՝ ճոճվող քո մարմինն էր սառ…
Մեզ համա՛ր էիր որոնում ելքը,
Մոլորված, մոլի սակայն մեզ համար:

Այդ դու՛ չմեռար, մենք ենք մեռածը,
Մենք՝ մեղկութեան մէջ հափրացած սերունդ.
Կ՚անձրեւէ, տղաս… Աշունը թաց է,
Թաց՝ աչքերուն պես խեղճ, խաբված սերունդ…

Սիլվա Կապուտիկյան

Անցած տարիների ընթացքում թուրքական իշխանությունը ոչ միայն փորձել է պատմությունից ջնջել Լեւոն Էքմեքչյանի անունը, այլեւ՝ խեղաթյուրված է ներկայացրել այն գործողությունը, որին 1982 թվականի օգոստոսի 7-ին, Անկարայի Էսենբողա օդանավակայանում մասնակցել է Լեւոն Էքմեքչյանն իր մարտական ընկեր Զոհրաբ Սարգսյանի հետ:

Պատմական «Կարին» ռազմական գործողության իրական նպատակն էր սպանել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետին, որի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր հենց Էսենբողա օդանավակայանում, բայց վերջին պահին վարչապետի ինքնաթիռը ուղղությունը փոխել է, իսկ դեպքերը զարգացել են չնախատեսված սցենարով:

Շուրջ 1.5 ժամ տեւած փոխհրաձգության արդյունքում Զոհրաբ Սարգսյանը զոհվում է, իսկ Լեւոն Էքմեքչյանը՝ ծանր վիրավորվելով, արնաքամ վիճակում գերեվարվում: Դեպքերից մեկ ամիս հետո սեպտեմբերի 7-ին հրավիրվում է ընդամենը դատական մեկ նիստ՝ առանց դատապաշտպանի, առանց պատշաճ թարգմանության եւ մահապատժի որոշում է կայացվում, որն ի կատար է ածվում 83 թվականի հունվարի 29-ին:

Թեպետ Երեւանում՝ Եռաբլուրում կա ԱՍԱԼԱ-ի նահատակված զինվորների խորհրդանշական գերեզմանը ու նույնիսկ հենց Լեւոն Էքմեքչյանինը, այսօր արդեն Հայաստանի բնակիչների մոտ հասունանում է մի գաղափար՝ դիմել կառավարությանը համապատասխան հանձնաժողով ստեղծելու համար, որը կբանակցի Էքմեքչյան ընտանիքի անդամների հետ եւ ազգային հերոսի աճյունի թեկուզ մի մասը տեղափոխի Հայաստան՝ ինչպես ժամանակին արվեց Զորավար Անդրանիկի դեպքում:

Կարդացեք նաև

Back to top button