

Ամանորին ընդառաջ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը, խոսելով տոնական օրերին զանազան պայթուցիկների օգտագործման և հրավառությունների անցկացման մասին՝ հանրությանը խորհուրդ է տվել պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Սերգեյ Հայրապետյանը հանրությանը հորդորել է հնարավորինս զգուշանալ կասկածելի ծագման պայթուցիկներից և օգտվել լիցենզավորված խանութներից:
Ամանորը ամենաուրախ տոներից մեկն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, և որպեսզի այդ ուրախությունը չվերածվի ողբերգության, պետք է խստորեն պահպանվեն հրդեհային անվտանգության կանոնները: Թեև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նկատեց, որ մեր հանրապետությունը վերջին տարիներին խուսափել է աղետալի հետևանքներով հրավառություններից, այնուամենայնիվ հանրությանը հորդորեց խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
«Աշխարհի տարբեր երկրներում, տարբեր ժամանակահատվածներում, տարբեր հրավառություններից խոշոր հրդեհներ են լինում՝ մարդկային զոհերով: Տեղյակ եք երևի Ռումինիաի մայրաքաղաք՝ Բուխարեստում ինչ հրդեհ բռնկվեց, 60-ից ավելի մարդ զոհվեց»:
Տոներին ընդառաջ ամենուրեք վաճառվում են տարատեսակ ճայթրուկներ, սակայն Սերգեյ Հայրապետյանը խորհուրդ է տալիս չգնել կասկածելի ծագման ճայթուկներ, այլ դրանք գնել գոնե լիցենզավորված խանութներից:
«Խուսափել փողոցներից ճայթուկներ գնել: Եթե նկատել եք հերոգլիֆներով են գրված ու չես հասկանում թե ինչ է գրված: Ուշադրություն դարձրեք որ հայերեն մակնշված լինեն դրանք»:
Բնականաբար մասնագիտացված խանութներում տարատեսակ հրավառությունները ավելի թանկ կարժենան, քան փողոցում վաճառվողները, բայց հաշվի առնելով, որ մարդկային կյանքն ու անվտանգությունն ավելի թանկ արժեն, Սերգեյ Հայրապետյանը նախապատվությունը տալիս է թանկ, բայց լիցենզավորված և անվտանգ ապրանքներին:




