

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր ամփոփել է աշխատանքային տարին ու արվածից ավելի` անելիքից խոսել: Եկող տարի լայն թափով կյանքի կկոչվի «Հին Էրիվան» նախագիծը: Փոքր Կենտրոնի կառուցապատման նախագիծն ԱԺ-ում է, եկող տարի կքննարկվի: Կրկեսի նոր շենքի հիմնական շինարարությունը կավարտվի 2016-ին: Հունվարից փոքր օբյեկտներ կառուցողներն արդեն ազատված կլինեն պարտադիր լիցենզավորման պահանջից, ինչը շուրջ 40 տոկոսով կէժանացնի շինարարության ծախսերը: Նարեկ Սարգսյանն այլ հարցերի էլ է պատասխանել, օրինակ` արդարացված ու ճաշակով է արդյոք կառավարության շենքում երեք սրահների պատերի ոսկեզօծումը, ինչն արվել է Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ:
Աղետի գոտում դեռ լուծված չէ 965 ընտանիքի կամ բնակապահովման պետական ծրագրի շահառու ընտանիքների 18 տոկոսի բնակարանային խնդիրը: Ինչու մինչ այժմ չի լուծվել աղետի գոտում բնակարանային խնդիրն ամբողջությամբ: Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսօր քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեցին լրագրողները: «Պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներն են»,- ասաց Նարեկ Սարգսյանն ու այս անգամ խնդրին վերջնականապես լուծում տալու նոր ժամկետեր նշեց: «2017 թվականին պետության պարտավություններն աղետի գոտու նկատմամբ ամբողջությամբ կավարտվեն: 2016-ին վերջ կդրվի քաղաքային բնակավայրերի խնդիրներին, 2017-ին՝ Շիրակի, Արագածոտնի, Լոռու մարզերի գյուղական բնակավայրերի խնդիրներին, վստահեցրեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Աղետի գոտում ինչքան շենք փլուզվել է, նույն մակերեսով շենքեր այս տարիների ընթացքում կառուցվել են»,- ասաց նախարարը:
Երևանի կրկեսի նոր շենքը 2017-ին կհանձնվի շահագործման: «Սա բավական բարդ օբյեկտ է` ինժեներական բարդ լուծումներ պահանջող: Շատ մասնագետներ դրսից են հրավիրված, քանի որ Հայաստանում այդպիսիք չկան: Նախագծերի որոշ մասեր իրականացվում են Հայաստանից դուրս, մասնավորապես, Ռուսաստանում»,-ասաց Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում կրկեսի շինարարական աշխատանքների ավարտը, եւ արդյոք ճիշտ են լուրերը, թե փոխվել են թե կրկեսի նախագիծը, թե հարկերի թիվը: «Հարկերի տարբերությունը՝ լինի վեց հարկ կամ յոթ, էական չէ, կարևոր է, որ համահունչ լինի տվյալ միջավայրին: Շենքի հիմնական կմախքը պատրաստ կլինի այս տարի, հաջորդ տարի կիրականացվեն բուն աշխատանքները, իսկ 2017-ին կհանձնվի շահագործման»,-հավելեց քաղաքաշինության նախարարը: Նարեկ Սարգսյանը խոսեց նաեւ հանրապետությունում առկա անավարտ շինությունների մասին ու շեշտեց` ուժի մեջ է դրանք ավարտին հասցնելու եւ արդեն որպես սոցիալական բնակարաններ հատկացնելու ծրագիրը:
«Հայաստանում 226 կիսավարտ շինություն կա: Սա լուրջ ռեզերվ է: Կարծում ենք` կարող ենք լուրջ խնդիր լուծել թե որպես սոցիալական բնակարաններ հատկացնելու, թե վթարային շենքերի բնակիչների համար: Նախարարության գերակա խնդիրների մեջ է մտնում մշակել և գերակա ծրագրեր ներկայացնել այդ շինությունների ճակատագրի վերաբերյալ: 5-10 տոկոսը հնարավոր է, որ պիտանի չլինեն»:
2016 թվականի հունվարից փոքր օբյեկտներ կառուցողներն ազատվում են պարտադիր լիցենզավորման պահանջից, ինչը շուրջ 40 տոկոսով կնվազեցնի շինարարության ծախսերը: Սա եկող տարվա համար հաջորդ նորությունն էր քաղաքաշինության նախարարից: Նարեկ Սարգսյանը մանրամասնեց` մինչ հիմա օրենքը պարտադրում էր, որ փոքր օբյեկտներ կառուցողներն ունենան լիցենզավորված շինարարություն: Հիմա արդեն օրենսդրական փոփոխության միջոցով խնդիրը լուծված է:
«Քաղաքացին պետք է դիմի համայնքի ղեկավարին, գլխավոր հատակագծի վրա ներկայացնի տեղադրման սխեման և շինարարության իրավունք ստանա: Եւ վերջ»:
Որեւէ հիմք չկա կասկածելու, որ «Հին Երեւան» ծրագիրը չի իրականանա: 3-4 տարի, շուրջ 150 մլն դոլարի ներդրում, եւ 2016-ին ամբողջ թափով սկսված կլինի շուրջ տասը տարի քննարկվող «Հին Երևան» նախագիծը։ Գլխավոր խնդիրն արդեն լուծվել է՝ ներդրող կա: Արդյունքում հին Երևանի մի զգալի մաս պետք է փրկվի անհետացումից։
Փոքր Կենտրոնի կառուցապատման նախագիծն ԱԺ-ում է: Եկող տարի կքննարկվի: Այստեղ էլ ծրագրված կառուցապատում չիրագործողների հանդեպ խստագույն պատժամիջոցներ կկիրառվեն, զգուշացնում է նախարարը:
Անհայտ է մնում նախկին Երիտասարդական պալատի տեղում կառուցվոլիք շինության ճակատագիրը: Ինչ կառույց կլինի մայրաքաղաքի նախկին խորհրդանիշի տեղում, հայտնի չէ, այսօր ոչ մի նախագիծ չի շրջանառվում: Հայտնի է միայն, որ վերջին մրցույթում հաղթած ճապոնական նախագիծը կյանքի չի կոչվի, ինչի համար եւ քաղաքաշինության նախարարն անկեղծ ուրախ է:
«Ինչ-որ մի տեղ ես բավարարվածություն ունեմ զուտ այն պատճառով, որ չէի ուզենա, որ այն ճապոնական նախագիծը, որը մրցույթում հաղթել է, կառուցվեր: Այդպիսի օտար, Երեւանի հետ ոչ մի կապ չունեցող շինությունը չլինի: Դա մի անհասկանալի խոշոր, հարյուրից ավելի մետրից բարձր ահռելի կառույց է, բոլորովին օտար կոմպոզիցիայով եւ ճարտարապետական տեսքով»:
Այլ հարցեր էլ ուղղվեցին քաղաքաշինության նախարարին: Օրինակ` արդարացված ու ճաշակով է արդյոք կառավարության շենքում երեք սրահների պատերի ոսկեզօծումը, ինչն արվել է Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ: Կամ` ում թույլտվությամբ է Ամիրյանի փողոցի վրա` նախկին Իսահակյանի գրադարանի հետեւում, 15 հարկանի շենք կառուցվում, ինչը Երեւանի կենտրոնի համար անթույլատրելի է: Արդյոք սա էլ է կապվում վարչապետի կամ նրա ընտանիքի բիզնես կապերով: Հարցերն ինձ չեն վերաբերում, ասաց, բայց եւ պատասխանեց` ոսկեզօծումը չգիտի, բայց ներքին հարդարում կառավարությունում պետք էր: Իսկ բարձրահարկի մասով` խոստովանեց: «Դա վարչապետի կամ նրա ընտանիքի հետ կապ չունի: Սա բազմաթիվ խաբված բնակարանատերերի նոր հասցեն է: Բարձրությունն այդքան է որոշվել, որ բոլոր այդ մարդիկ տեղավորվեն: Կառավարության որոշում է եղել»:




