ԿարևորՀասարակություն

Ա. Աշոտյան. Խոստացեք երկու տարի չքննադատել եւ կստանաք արդյունք

sonahakobyan

2015 թվականն է այսօր ամփոփել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը խոսել է ինչպես հաջողությունների, այնպես էլ անհաջողությունների և մարտահրավերիների մասին: Ամփոփելով հանրակրթական տարին՝ Արմեն Աշոտյանն առանձնացրել է հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման մեթոդաբանության լրամշակումն ու  ներդրումը. «Ազգային երգ ու պար» առարկայի չափորոշչի և ծրագրի մշակում և հաստատումը, բարեփոխումները ազգային փոքրամասնությւոնների դպրոցներում և ներառական կրթություն իրականացնող դպրոցների թվի ավելացումը: Ձեռքբերումներ են եղել նաև նախադպրոցական և բուհական համակարգում: Ընդունվել է նոր մասնագիտությունների ցանկ:  Մարտահրավերներից նախարարը դարձյալ առանձնացրել է կոռուպցիան, որը թեև զգալի նվազել է, բայց այնուամենայնիվ կա: Ընդհանուր առմամբ՝  Արմեն Աշոտյանը 2015 թվականը համարում է մեծ աշխատանքի, հին դժվարությունների, Հայաստանի միջազգայնացման  տարի:

 

Ավանդույթի համաձայն՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սկսեց ոլորտի ձեռքբերումներից: 2015 թվականի կարևորագույն ձեռքբերումը, ըստ գերատեսչության ղեկավարի, միջազգայնացման ամենաբարձր մակարդակն է: Կարևորագույն ձեռքբերումներից նա առանձնացրեց նաև հայ աշակերտների միջազգային օլիմպիադաներում նվաճած քսան մեդալները:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտին՝ նախարարը նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում վերանայվել և հաստատվել է  վարկանիշավորման նոր մեթոդաբանությունը, որով կիրականացվի վարկանիշավորման գործընթացը:  Եվս 100 հանրակրթական ուսումնական  հաստատությունների  5-րդ դասարանում էլ ներդրվել է «Ազգային երգ ու պար» առարկան: Ատեստավորվել են շուրջ 7000 ուսուցիչներ: Հաջողություններն ակնհայտ են նաև նախադպրոցական կրթության ասպարեզում։

Բավականին ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև բուհական համակարգում: Նախարարության ամբողջ տարվա աշխատանքի գոհարը, սակայն, Արմեն Աշոտյանը համարում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի անցկացումը: Ձեռքբերումներ թերևս շատ են եղել, սակայն նախարարը նախընտրեց անդրադառնալ կարևորագույններին, քանի որ հաշետու ժամանակաշրջանի ամբողջական հաշվետվությունը տեղադրված է նաև նախարարության կայքում:

Ինչ վերաբերում է մարտահրավերներին՝ Արմեն Աշոտյանը դրանցից առաջին հերթին առանձնացրեց մոտիվացիան: «Ինչու սովորել: Այդ հարցի պատասխանը ճիշտ տալու համար  և ուսանողական մակարդակով և աշակերտական մակարդակով  դեռևս չենք ստեղծել պատշաճ միջավայր երկրում: Ինչո՞ւ լավ դասավանդել: Մանկավարժների  ու դասախոսների համար այդ «ինչո»- ի լիարժեք պատասխանը դեռևս չունենք»,- ասում է նա։

Իհարկե՝ ոլորտի գլխավոր մարտահրավերներից մեկն էլ շարունակում է մնալ կոռուպցիան, որը թեև զգալիորեն նվազել է, բայց այնուամենայնիվ կա: «Գոյություն ունի շատ ավելի քիչ, քան մենք ու դուք դրա մասին խոսում եք, բայց կոռուպցիոն ռիսկեր այնուամենայնիվ կան և շատ են, քանի որ համակարգն է մեծ»,- նշեց Աշոտյանը:

Երրորդ մարտահրավերը ոչ հավասար կրթության որակն է, խոստովանեց նախարարը: Արմեն Աշոտյանը խոստացավ այս բոլոր մարտահրավերներին լուծում տալ երկու 2 տարում՝ կատարելով բեկումնային փոփոխություններ: «Խոստացեք, որ 2 տարի  չեք քննադատելու,  վատը չեք գրելու՝ անկախ նրանից լինի, թե՝ ոչ, հետո նոր կարող եք պահանջել և ստանալ արդյունք»:

Ամփոփելով 2015 թվականը՝ նախարարը խոստացավ գալիք տարվա հունվարին էլ ներկայացնել 2016 թվականի սպասելիքներն ու ծրագրերը:

Կարդացեք նաև

Back to top button