

Նոյեմբերի 19-ը նշվում է որպես երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օր: Օրվա շրջանակներում «Երեխաների պաշտպանության ցանց»-ը կազմակերպել է ցուցահանդես՝ «Առանց բռնության միջավայր՝ երեխաների համար» խորագրով: Ցուցահանդեսը բացվել է Երևանի պետական համալսարանի գլխավոր մուտքի դիմաց՝ բացօթյա տարածքում: Ցուցադրված մի քանի տասնյակ նկարներում երեխաները ոչ միայն «ոչ» են ասում բռնությանը, այլև «այո» են ասում բարեկեցությանը:
Յուրաքանչյուր տարի աշխարհում միլիոնավոր երեխաներ դառնում են ֆիզիկական, սեռական և հուզական բռնության զոհեր: Այս երևույթը լրջորեն վնասում է զոհերի ֆիզիկական, հոգեկան առողջությանը, բարեկեցությանը և անձի զարգացմանը: Երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրվա կապակցությամբ «Երեխաների պաշտպանության ցանց»-ը ավանդաբար կազմակերպում է միջոցառումենր՝ բարձարաձայնելով երեխաների իրավուքների մասին և դատապարտելով ցանկացած բռնություն՝ մասնավորապես երեխաների նկատմամբ:
Այս տարի «Երեխաների պաշտպանության ցանց»-ը կազմակերպել է ցուցահանդես՝ «Առանց բռնության միջավայր՝ երեխաների համար» խորագրով: Ցուցադրված մի քանի տասնյակ նկարներում երեխաները յուրովի են ներկայացնում բռնությունը և բարձաձայնում իրենց իրավուքների մասին, նկատեց «Ընտանիք և համայնք» ՀԿ նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը:
Նկարների հեղինակները ինչպես կյանքի դժվարին պահերում հայտնված երեխաներն են, այնպես էլ պարզապես երեխաների հանդեպ բռնության ականատես: Բռնության ականատես է եղել նաև 13 ամյա Արթուր Սարդարյանը, ով էլ իր տեսածը պետկերել է թղթի վրա և այսօր ներկայացնում է հանրությանը:
Ցանցի անդամ-կազմակերպությունները փաստում են, որ բռնությունների ենթարկված երեխաներին աջակցելու գործընթացը նուրբ և հետևողական աշխատանք է պահանջում, մինչդեռ Հայաստանում քիչ են նման փորձառությամբ և համապատասխան կարողություններով մասնագիտացված ծառայությունները: Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Ելենա Հարությունյանը նշեց, որ իրենց կենտրոնը նաև ապաստանում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին, որտեղ էլ համապատասխան աշխատանք է տարվում նրանց հետ:
Նշենք, որ Երեխաների պաշտպանության ցանցը երեխաների պաշտպանությամն հայաստանյան ՀԿ-ների ազգային կոալիցիա է, որն այժմ ունի 39 անդամ կազմակերպություն: Ցանցի նպատակն է նպաստել երեխաների բարեկեցությանը՝ մասնակցելով երկրում տեղի ունեցող օրենսդրական բարեփոխումներին, համապատասխան քաղաքականության մշակմանն ու հստակեցմանը՝ ուղղված երկրում երեխաների պաշտպանության համակարգի հզորացմանը:




