

ՀՀ կառավարությունը հաստատել է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 206-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
«Այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով, պայմանով որ վերամշակված ապրանքները կտեղադրվեն «բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կարող են կիրառվել վերամշակված ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափեր: Համաձայն վերոնշյալ օրենքի համապատասխան հոդվածի` այդպիսի ապրանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Փաստորեն, եթե «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով հանրապետություն ներմուծվող ապրանքները (հումք ու նյութերը կամ կոմպլեկտավորող մասերը) ծառայում են վերջնական արտադրանք ստանալու համար, ապա ներմուծված ապրանքների համար կգանձվի մաքսատուրք պատրաստի արտադրանքի համար նախատեսված մաքսատուրքի դրույքաչափով` եթե պատրաստի արտադրանքի դրույքաչափն ավելի ցածր է ներմուծված ապրանքների դրույքաչափից»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ ընդունված որոշումը կնպաստի հանրապետությունում ներքին արտադրողի համար բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը:
Հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվեց 17 մլն դրամ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, նախարարությունը նշված գումարով ձեռք կբերի «Ինչ: Որտեղ: Երբ:» հեռուստանախագիծը Հայաստանում ևս մեկ տարով իրականացնելու արտոնագիր:
2008-2009թթ. Հայաստանում վերականգնվել է «Ինչ: Որտեղ: Երբ:» հեռուստանախագիծը, որը լուրջ խթան է հանդիսացել ինտելեկտուալ շարժման զարգացման համար: Դրա վկայությունն է մեր թիմերի հաջողությունները տարբեր մակարդակի միջազգային մրցաշարերում:




