

Արդեն երրորդ օրն է, ինչ պատրաստ է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կղմից գործարկված հատուկ էլեկտրոնային ծրագիրը, որի միջոցով հեշտությամբ կարելի է ստուգել ընտրական ցուցակները, դրանցում առկա անճշտությունները եւ ստանալ հետաքրքիր այլ տվյալներ եւս: Կազմակերպությունն արդեն երրորդ համապետական ընտրությունների ընթացքում գործարկել է էլեկտրոնային մոնիթորինգի ծրագիր եւ այս անգամ էլ հանրաքվեին ընդառաջ` գործարկվում է այն:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ստեղծել է լրացուցիչ մի էլեկտրոնային գործիք, որը հնարավորություն կտա, իհարկե, ցանկության դեպքում՝ ընտրացուցակների մասով վերահսկել ընտրությունների ընթացքը: Ոստիկանության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից ընտրողների բացառապես պաշտոնական ցուցակները ներբեռնելով` կատարվում են որոշակի հաշվարկներ եւ դիտարկվում է, թե ինչ հարաբերակցություններ կան մշտական բնակչություն եւ ընտրողներ խմբերում: Ունենալով այդ թվերը կարելի է տեսնել շատ կասկածելի արագ քվեարկությունները եւ անճշտությունները, ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
«Ամեն անգամ 1995–ից սկսած կան կասկածների ընտրացուցակների հետ կապված, որոնք հիմնվում են տարբեր ենթադրությունների վրա, եւ եթե խախտումներն առաջ կատարվում էին լցոնումների ձեւով, մտնելով տեղամասեր, ապա հիմա ավելի շատ «մեղմ խախտումների» ձեւով , ավելի քողարկված` հիմնականում ընտրացուցակների հետ կապված: Ես կասեի` դա ուռճացումն է»:
Գործարկած հատուկ ծրագրի տվյալներով՝ ՀՀ ընտրական ցուցակներում կան մինչեւ 2003 թվականը արտագաղթածներ, բայց նրանց անունները կան եւ եղել են վերջին բոլոր երեք համապետական ընտրություններում: Պատկերների միջոցով նաեւ ակնհայտ է դառնում հետեւյալ իրողությունը՝ թեեւ Հայաստանի բնակչության թիվը նվազում է, բայց 2003-ից սկսած ընտրողների թիվն ավելանում է: Կայքն ուսումնասիրելու պահից հենց լրագրողների ներկայությամբ բացահայտվեցին հետաքրքիր փաստեր:
Առանց գրանցման, հասցեի, շենքի, բնկության վայրի տվյալների ընտրացուցակներում ներառված է 4741 ընտրող: Միեւնույն անուն, ազգանուն եւ ծննդյան թվերով կա 226 ընտրող: Թեեւ հասկանալի է, որ տարեցների ծննդյան ամսաթվերը ինչ-ինչ պատճառներով բացակայում են, բայց ներկայացնեմ եւս մեկ հետաքրքիր համեմատություն՝ ընտրացուցակներում ընդգրկված է մոտ 100 տարեկան ընդամենը 167 ընտրող, բայց ծննդյան ամսաթվեր չունեցող ընտրողների թիվը ընտրացուցակներում 37 339 է:
«Այս բոլոր բաները, որ ցույց տրվեց հենց այդ ռիսկերը վեր հանելն է: Այսինքն՝ ինչ հնարավոր խախտումներ կարող են լինել այսպիսի պարագաներում»:
Վարուժան Հոկտանյանի ներկայացմամբ՝ ծրագրերի հանդեպ հետաքրքրություն չկա առայժմ ոչ մի ճամբարի կողմից: Արդեն չորորդ անգամն է մշակվում այսպիսի ծրագիր, բայց գործնականում օգտագործվել է ընդամենը մեկ անգամ, երբ 2012-ի ընտրություններից հետո նաեւ այս ծրագրով ստացված տվյալները ՀԱԿ-ը ներկայացրեց Սահմանադրական Դատարան, որն էլ հիմնավորել էր, թե որեւէ ձեւով հնարավոր չէ ստուգել ներկայացված թվերը: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը իր ծրագրի միջոցով այս անգամ էլ է պատրաստ աջակցել բոլորին: Վարուժան Հոկտանյանը հասկանում է, որ իրենց դիմելու համար կա մեկ նախապայման:
«Կարող են տպել եւ այդ ցուցակներով ուղղակի գնալ եւ ստուգել: Եթե կա իսկապես ցանկություն նվազեցնելու կեղծիքները, վերահսկելու այս ընտրությունները»:




